ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի
«Ադրբեջանի միջազգային հեղինակութիւնն աճում է, մեզ յաջողուել է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային մասշտաբով»: Յաւակնոտ այս խօսքերը պատկանում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, եւ նա դրանք արտաբերեց Ապրիլի 11ին՝ այն օրը, երբ նախագահական ընտրութիւններում յաղթող յայտարարուեց:
Մենք արդէն սովոր ենք այս գործչի նմանատիպ սնապարծ արտայայտութիւններին, ու կարելի էր անտեսել հերթական, իր համար սովորական քարոզչական բլեֆը (փչոցը-Խմբ.): Կարելի էր, եթէ չլինէր մի հանգամանք:
Խօսելով այն մասին, որ Ադրբեջանին յաջողուել է «համաշարհային մասշտաբով տեղ» զբաղեցնել, Ալիեւը, պէտք է նկատել, չէր սխալւում: Իսկապէս՝ համաշխարհային մասշտաբով, բայց … կոռուպցիայի (կաշառակերութեան-Խմբ.) մասով: Իսկ բանն այն է, որ նրա խօսամոլութիւնից մէկ շաբաթ էլ չանցած՝ ի յայտ եկաւ տեղեկատուութիւն առ այն, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծուած քննչական խումբը հաստատել է ԵԽԽՎ փաստաթղթերի ու որոշումների վրայ համակարգային արտաքին ազդեցութիւնը, այլ խօսքով՝ Ադրբեջանի կողմից պատգամաւորների մի մասին կաշառելու փաստը: «Եղել են մի խումբ անձեր, ովքեր ԵԽԽՎում աշխատել են յօգուտ Ադրբեջանի», յայտարարել է քննչական խմբի ղեկավար Նիկոլաս Բրատցան՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախկին նախագահը: Ընդ որում, նա նշել է, որ իրենք տիրապետում են նաեւ ոչ ստանդարտ իրավիճակների վերաբերեալ տեղեկատուութեան՝ կապուած այլ երկրների հետ, սակայն աւելի շատ մեղադրանքներ հնչել են Ադրբեջանի մասով:
ԵԽԽՎում կոռուպցիայի մէջ մեղադրանքների մասին խօսւում է դեռեւս 2012 թուականից, երբ ակտիւիստները հրապարակել էին Ադրբեջանի կառավարութեան կողմից պատգամաւորների համակարգային կաշառքը հաստատող մի շարք փաստեր՝ այսպէս կոչուած, «խաւիարային դիւանագիտութիւնը»: Վեհաժողովը մի քանի տարիների ընթացքում անտեսել էր այդ մեղադրանքները, մինչեւ որ 2015թ. դրանց մի մասը չհաստատեց Իտալիայի ոստիկանութիւնը, որը ձերբակալեց նախկին պատգամաւորներից մէկին՝ այդ երկրի քաղաքացի Լուկա Վոլոնտէին, ով մի քանի միլիոն եւրոյի չափ կաշառք էր ստացել: ԵԽԽՎ նախագահ (արդէն նախկին) Պեդրօ Ագրամունտի հետ կոռուպցիոն սկանդալից յետոյ խնդիրը ձեռք բերեց աւելի մեծ հրատապութիւն, եւ նոր ապացոյցների ճնշման ներքոյ ԵԽԽՎն ու Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէն համաձայնեցին ստեղծել արտաքին քննչական խումբ:
Եւ ահա Ապրիլի 22ին անկախ քննչական խմբի հաշուետուութիւնը, որը պատրաստուել եւ ընդունուել էր Վեհաժողովի համար աննախադէպ գաղտնիութեան պայմաններում, յատուկ նիստի ժամանակ ներկայացուեց ԵԽԽՎ բիւրոյի անդամներին: Հաշուետուութիւնից հատուածներ է հրապարակել «Եւրոպական թերթը» (Ստրասբուրգ), ինչի շնորհիւ բաւականին հետաքրքիր պատկեր է ուրուագծւում: «Պաշտօնական Բաքուն իսկապէս ձայներ է կաշառել առաւել բացէիբաց, համակարգային ու լկտի, ուստիեւ հետաքննութիւնը կենտրոնացաւ նրա վրայ», գրում է թերթը: Նշւում է, որ Ադրբեջանի դասական նուէրը սեւ խաւիարն է, որի կիլոգրամը մի քանի հազար դոլար արժէ: ԵԽԽՎ գլխաւոր քարտուղար Վոյցեխ Սաւիցկին խոստովանել է, որ Ադրբեջանից խաւիարի տուփեր է ստացել: Բայց, այնուամենայնիւ, գլխաւոր կաշառքը փողերի բաժանումն էր, որը, ինչպէս գրում է պարբերականը, Ադրբեջանը դրել է «հոսքագծի»: «Այս փողերը գալիս էին Ադրբեջանից, դրանք փոխանցւում էին պատգամաւորներին հիւրանոցային համարներում ու ազգային պատուիրակութիւնների գրասենեակներում», ասւում է հաշուետուութեան մէջ: Քննչական խումբը հինգ նախկին պատգամաւորների կողմից նման լոբբինգի բաւարար ապացոյցներ է գտել: Երբեմն Բաքուի համար գործակալներ էին դառնում «ծանրաքաշներ», այսինքն՝ պատգամաւորներ, ովքեր Վեհաժողովում ծանրակշիռ պաշտօններ էին զբաղեցնում:
Այսպէս, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրօ Ագրամունտի անունը հաշուետուութեան մէջ հանդիպւում է 165 անգամ՝ աւելի շատ, քան որեւէ այլ անուն: Նրա կողմից ձեւաւորուած ու իր գլխաւորած դիտորդական առաքելութիւններն ամէն անգամ լկտիաբար յայտարարում էին Ադրբեջանում ժողովրդավարական ընտրութիւնների մասին, այն դէպքում, երբ համանման միւս բոլոր առաքելութիւնները, ներառեալ ԵԱՀԿն, նշում էին ժողովրդավարութեան համար անընդունելի հսկայական խնդիրներ: Ի դէպ, ԵԽԽՎում զբաղեցրած պաշտօններում Ագրամունտի ընտրուելն իսկ ամէն անգամ կոռուպցիայի օրինակ էր դառնում, ինչը խոստովանել են մի քանի պատգամաւորներ:
Հէնց նրա օրօք է ԵԽԽՎն Լեռնային Ղարաբաղի հարցով մի շարք ադրբեջանամէտ բանաձեւեր քննարկել: Դրանցից մէկը՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնաւոր ջրից զրկելը», որը պատրաստուել էր բոսնիացի խորհրդարանական Միլիցա Մարկովիչի զեկոյցի հիման վրայ, 2016թ. Յունուարին, այնուամենայնիւ, յաջողուեց անցկացնել: Յատկանշական է, որ ԵԽԽՎում ադրբեջանական պատուիրակութեան անդամ Էլխան Սուլէյմանովի անունը, ով խոստովանել է, որ այս բանաձեւի նախագիծը պատրասՄօտաւորապէս 1600 Ցուցարարներու Ձերբակալութենէն Ետք՝ Փութին Վերստանձնեց Երկրին Ղեկը
տուել էր իր կողմից, նոյնպէս շօշափւում է քննչական խմբի հաշուետուութեան մէջ: Ադրբեջանցի մէկ այլ պատգամաւոր¬միջնորդ Մուսլիմ Մամեդովի հետ միասին անցեալ տարի նա ստիպուած էր հեռանալ Վեհաժողովից, երբ յայտնի դարձաւ, որ հետաքննութիւնը նրանց հետքի վրայ է դուրս եկել: Կոռուպցիայի հետ կապուած հաշուետուութեան մէջ աչք է զարնում նաեւ ԵԽԽՎ գործող փոխնախագահ ու ադրբեջանական պատուիրակութեան ղեկավար Սամեդ Սէիդովի անունը: Սեւ ցուցակում է եւ բրիտանացի պատգամաւոր Ռոբերտ Ուոլտերը (վեհաժողովից հեռացել է 2015թ.), նոյն այն պատգամաւորը, ով Մարկովիչի հետ զուգահեռ այդ նոյն ժամանակաշրջանում պատրաստել էր Ադրբեջանի կողմից պատուիրուած երկրորդ հակաղարաբաղեան զեկոյցը՝ «Բռնութեան սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացուած տարածքներում», որը, սակայն, յաջողութեամբ տապալուեց:
Այսպիսով, անկախ քննչական խմբի հաշուետուութիւնը հաստատեց ԵԽԽՎում մասշտաբային կոռուպցիոն համակարգի առկայութիւնը, որի հիմնական դերակատարները կասկածւում են Եւրոպայում պաշտօնական Բաքուի շահերի լոբբինգի համար Ադրբեջանի կառավարութիւնից կաշառքներ ստանալու մէջ: ԵԽԽՎ նախագահ Միկել Նիկոլետին պատգամաւորներին, որոնց անունները յիշատակւում են հաշուետուութեան մէջ, խորհուրդ է տուել ինքնակամ դադարեցնել իրենց լիազօրութիւնները: Բայց, կարծում ենք, դա բաւարար չէ: Մեղաւորները պէտք է քրէական պատասխանատուութեան ենթարկուեն, իսկ ԵԽԽՎի կանխակալ բանաձեւերը, որոնք կոռուպցիայի արդիւնք են, անվաւեր ճանաչուեն: Թերեւս այդ ժամանակ Ալիեւի գոռոզութիւնը մեղմուի, ու նա աւելի քիչ օդը թնդացնի Ադրբեջանի «միջազգային հեղինակութեան» մասին յայտարարութիւններով: