ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը հիւրընկալել էր Կոլումբիայի համալսարանից մի խումբ ուսանողների: Նրանք փորձելու են նպաստել Հայաստանի գիւղատնտեսութեան եւ անտառների կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Տասնօրեայ այցը ծրագրի երկրորդ մասն է, դեռ չորս ամիս առաջ էին սկսուել համալսարանի եւ կենտրոնի համագործակցութիւնը եւ ուսումնասիրութիւնները:
Կառավարութեան եւ ՄԱԿի կողմից հիմնադրուած Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնն ուսանողների այցն իրականացնում է աշխարհի լաւագոյն ինովացիոն (նորարարկան-Խմբ.) կենտրոնների հետ համագործակցութեան եւ զարգացման աշխատանքների շրջանակներում: Կենտրոնի հիմնական գործառոյթներից մէկն է նպաստել բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստան բերելով աշխարհի լաւագոյնների փորձը:
Կենտրոնի ղեկավար Էրիկ Գիւլազեանի խօսքով՝ Կոլումբիայի համալսարանն աշխարհի լաւագոյն կրթական եւ ակադեմիական մեծ փորձ ունեցող կենտրոններից մէկն է, նաեւ նրանց հետ կապուելն ու համագործակցելն էր հեշտ:
«Թիմից իւրաքանչիւրը լուրջ մասնագէտ է, 8-12 տարուայ աշխատանքային փորձ ունեն իրենց ոլորտներում, իսկ հիմա կարիերայի (ասպարէզի-Խմբ.) ուսուցանումն են անում Կոլումբիայի համալսարանում: Ներկայացնելու են իրենց տեսանկիւնից առաջարկներն այն ոլորտների համար, որոնք առաջնահերթ են մեր կենտրոնի համար», ասում է Էրիկ Գիւլազեանը:
Մասնակիցները հինգն են՝ բոլորն էլ տարբեր ազգութեան. Իսպանիա, Հայաստան, Մեքսիկա, Իտալիա եւ Արգենտինա: Հիմնուած ուսանողների հետաքրքրութիւնների, փորձի եւ ցանկութեան վրայ՝ Կոլումբիայի համալսարանը եւ ՄԱԿի զարգացման ծրագիրն առաջարկել են մագիստրոսներին մի քանի ծրագրեր, որոնցից էլ խմբի անդամները դիմել են Հայաստանի ծրագրին եւ ընտրուել են:
45 հանդիպում են ունեցել հայաստանեան այցի ընթացքում. կառավարութեան աշխատակիցների, միջազգային կառոյցների, ՀԿների հետ մի շարք քննարկումների են մասնակցել, որոնք մասնաւորապէս վերաբերել են բնապահպանութեան եւ գիւղատնտեսութեան ոլորտում ընթացիկ բարեփոխումներին:
Ուսանողների խումբն ասում է, բոլորն էլ հետաքրքրուած են եղել իրենց ուսումնասիրութիւններով եւ բաց են եղել քննարկումների համար:
Կոլումբիայի համալսարանի մագիստրոս արգենտինացի Մարիելա Չեբի կարծիքով Հայաստանի հիմնական խնդիրներից մէկն ապօրինի ծառահատումերն են:
«Փորձում ենք նոր մտքեր ներկայացնել, որ կ՛օգնեն աւելի լաւ կառավարել անտառային տնտեսութիւնը: Այցելել ենք Տաւուշի մարզ, հանդիպել մի շարք միջազգային կազմակերպութիւնների հետ ու տեղեակ ենք, որ բաւականին շատ աշխատանքներ են արդէն իրականացուել: Սակայն կարծում եմ՝ շատ աւելի լաւ կը լինի, եթէ տարբեր ծրագրեր ներգրաւուեն այս հարցում: Հիանալի կը լինի եթէ տարբեր շահառուներ հաւաքուեն եւ քննարկեն ոլորտի բարելաւման ամենալաւ տարբերակները, քանի որ այն մեծ ազդեցութիւն ունի մեր շրջակայ միջավայրի եւ յատկապէս աղքատ համայնքների վրայ», ասում է Մարիելան:
Խումբը նախնական առաջարկներն արդէն ներկայացրել է, սակայն վերջնական եւ ամբողջական առաջարկը կը լինի Մայիսի սկզբին: Դրանք, կենտրոնի ղեկավարի խօսքով, մասնաւորապէս, գիւղատնտեսական ռեգիստրի (տոմար-Խմբ.) ստեղծման եւ վարման հետ են կապուած, որը կ՛օգնի հասկանալ, թէ որտեղ ինչ հող ունենք, ինչ է աճեցւում, ինչ քանակով եւ որակով: Առաջարկներն, ըստ Էրիկ Գիւլազեանի, կ՛օգնեն աւելի ճիշդ պլանաւորել (ծրագրել-Խմբ.) գիւղատնտեսութեան ծաւալի եւ որակի համադրումը, նաեւ կը նպաստեն գիւղատնտեսութեան կառավարման ոլորտում աւելի ճիշդ որոշումներ կայացնելուն:
Խմբի իտալիացի ուսանող Գրետա Պոլօն պատմում է, որ համալսարանում առաջարկուած ծրագրերի ընտրութիւնն ամբողջ աշխարհով էր՝ Վիետնամ, ԱՄՆ, Աֆրիկական տարբեր երկրներ… Հայաստանի ընտրութեան համար իրեն շատ յաջողակ է համարում. «Նկատեցինք, որ նորարարութիւնների «բում» կայ Հայաստանում, եւ այնքան մեծ ներուժ կայ, որ դրա զարգացմանը նպաստելու հնարաւորութիւնը բաց չթողեցինք: Մենք շատ դրական ապագայ ենք տեսնում Հայաստանի համար, գիւղատնտեսութեան թուայնացման դէպքում մեծ ներուժ ենք նկատում եւ հաւատում ենք, որ երկիրն առաջխաղացում կ՛ունենայ օգտագործելու նորարարական տեխնոլոգիաները (ար-հեստագիտութիւնները-Խմբ.) եւ կը նպաստի տնտեսական աճին»: Գրետան նաեւ կարծում է, որ երկրում զարգացող տարբեր ոլորտներ կան, եւ յաճախ մարդկանց համար դժուար է բոլորին հասնել, աւելի դժուար է տուեալների հաւաքագրումը, եւ նրանք էլ հիմա փորձում են հասկանալ այդ ամէնն եւ նպաստել ոլորտին:
Եթէ միւսների համար Հայաստանը չբացայայտուած ու նոր երկիր էր, ապա մեր հայրենակցուհի Ալիք Պէրպէրեանի դէպքում շատ ոգեւորիչ էր տեսնել, որ Հայաստանը նոյնպէս կայ ծրագրերի ընտրութեան մէջ, ասում է՝ կարեւոր է իր համար Հայաստանին աջակցելը: Ալիքը չափազանց կարեւոր է համարում նաեւ թիմի կատարած ուսումնասիրութիւնը՝ յատկապէս գլոբալ (երկրագունդի-Խմբ.) տաքացման հետ կապուած:
«Խնդրին բախւում է ողջ աշխարհը, ու կարեւոր է, որ Հայաստանը եւս ուշադրութիւն դարձնի դրա ազդեցութեան նուազեցմանը: Վերականգնուող եւ արեւային էներգիայի օգտագործումը կարեւոր քայլեր են Հայաստանի կողմից», ասում է Ալիք Պէրպէրեանը:
Արդիւնաւէտ լինելու համար թիմը պատրաստւում է ներկայացնել այնպիսի մօտեցում, որ կը համախմբի բոլոր շահառուներին, յոյս ունեն, որ նրանք էլ կը համագործակցեն եւ միասին կը հասնեն լաւ արդիւնքի: Այս տարուայ Յուլիսին ՄԱԿում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նաեւ ներկայացնելու է Հայաստանի զարգացման նպատակների զեկոյցը, որի ժամանակ պայմանաւորել են համատեղ միջոցառում կազմակերպել Կոլումբիայի համալսարանի հետ: