ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱՊԱՌԱԺ»Ի
Իւրաքանչիւր պոռթկում իր մէջ պարունակում է անկեղծութիւն եւ ազնուութիւն: Միայն ազնիւ մարդն է, որ կարող է պոռթկալ՝ տուրք չտալով ճղճիմ հաշուարկների եւ «առ ու ծախի»: Նոյնն է մարդկային հաւաքականութիւնների պարագայում: Ապստամբութիւնները, յեղափոխութիւններն այն կիզակէտային անկիւնադարձերն են, որտեղ մի պահ իւրաքանչիւր ոք մաքրւում է եւ յանուն մարդկային արժէքների, յանուն ազատութեան իր ուսերին կրում համամարդկային արժէքներին ծառայելու ծանր բեռը:
Ազնուութիւնն ու առաքինութիւնը իւրաքանչիւր յեղափոխութեան հիմնաքարերն են: Իհարկէ, լինում են դէպքեր, երբ պատեհապաշտները նենգաբար օգտւում են հանրութեան ազնուութիւնից եւ փորձում շեղել ապստամբութեան ուղին, սակայն ասպետականութիւնը միշտ մնում է յիշատակման արժանի եւ փառքի է արժանանում: Ինչպէս Դանիէլ Վարուժանն է ասում.
«Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին»:
Հայ իրականութեան մէջ Փետրուար ամիսը նշանաւորւում է երեք կարեւոր իրադարձութիւններով, որոնք, ըստ էութեան, արտացոլում են հայի ապստամբ հոգին, եւ որոնք կարելի է համարել յեղափոխութիւններ՝ 451թ. Վարդանանց պատերազմ, 1921թ. Փետրուարեան Ապստամբութիւն եւ 1988թ. Արցախեան Շարժում: Այս երեք իրադարձութիւններն իրենց մէջ պարունակում են ազատութեան համար պայքարի առաքինի խորհուրդը, որը համամարդկային արժէք է եւ ապացուցում է հայ ժողովրդի կամքը համաշխարհային մակարդակում իր դերը հաստատելու առումով:
Ահա թէ ի՛նչ արժէք է պարունակում 1988թ. Արցախեան շարժումը: Արցախեան շարժման շնորհիւ հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ յայտ ներկայացնել եւ ստանձնել առաքելութիւն՝ համամարդկային արժէքներ կրելու յայտ: Առաքելութիւն՝ մէկ անգամ եւս իր լուման ներդրելու համար մարդկային վեհ արժէքների կերտման մէջ:
Տեղին է յիշել այն օրերի հասարակութեան մէջ տիրող մթնոլորտը: Այն մթնոլորտը, որտեղ տիրում էր միասնութիւնն ու անշահախնդրութիւնը: Հասարակութեան մէջ հակադրութիւններն անհետացել էին, իսկ ազնիւ մարդն ու հասարակութեան մէջ ոչ բարի համբաւ վայելողը կողք-կողքի ազնուօրէն պայքարում էին յանուն ազատութեան: Այդ պահերը չեն կարող մոռացուել: Չեն կարող մոռացուել ոչ միայն մեզ մօտ, այլ այն արժէքների կերտման հոլովոյթում, որոնք կոչւում են համամարդկային արժէքներ:
Ահա թէ ինչ արժէք է պարունակում իր մէջ յեղափոխական ոգին: Բոլոր նրանք, ովքեր մեր օրերում արժեւորում են Արցախեան շարժման տարիների առաքինի մթնոլորտը եւ հասարակական անկեղծութիւնը, չեն կարող տուրք տալ նէոլիբերալիստական (նոր ազատական-Խմբ.) նկրտումներին, որոնք քօղարկւում են քաղքենիութեան քարոզմամբ, կայունութեան պահպանման լօզունգների ներքոյ:
Հայ ժողովրդի դարաւոր իղձերի իրականացման, Հայաստանի եւ, ի մասնաւորի, Արցախի Հանրապետութեան զարգացման ու բարգաւաճման համար հարկաւոր են ըմբոստ ոգիներ, իսկ եթէ կ՛ուզէք՝ խենթեր: Ըմբոստների եւ խենթերի որդեգրած ճանապարհը անշրջելի է: Միայն յեղափոխական, թռիչքային քայլերով կը կարողանանք դիմագրաւել մեր դէմ յանդիման եղած բազում եւ բազմաբնոյթ մարտահրաւէրներին: Արցախեան շարժման 30ամեակը թող լինի խիզախ ոգիներին յարգանքի տուրքի մատուցման պահ:
15 Փետրուար 2018թ.