ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Նոյեմբերի 19-25ը Ֆրանսիայում Արցախի օրերի շրջանակներում ԼՂՀ պատուիրակութիւնը նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորութեամբ գտնւում էր այդ երկրում: Այցի ծրագրով նախատեսուած էին ինչպէս քաղաքական, այնպէս էլ մշակութային բնոյթի միջոցառումներ: Կասկած չկայ, որ նմանատիպ այցերը մեր հանրապետութեան համար լաւ հնարաւորութիւն են ընձեռում միջազգային ասպարէզում հանդէս գալու որպէս կայացած պետութիւն եւ աշխարհին ներկայացնելու իր ձեռքբերումները հասարակական-քաղաքական կեանքի տարբեր ոլորտներում: Բացի այդ, նման կապերը չափազանց կարեւոր են երկկողմ յարաբերութիւնների հաստատման ու զարգացման համար, ինչը հաստատում են, մասնաւորապէս, Ֆրանսիայի Ազգային ժողովում պատուիրակութեան ունեցած հանդիպումները:
Արդէն բազմիցս նշել ենք, որ արտասահմանեան երկրների հետ Արցախի Հանրապետութեան ցանկացած շփում, այդ թւում եւ փոխադարձ այցերի տեսքով, պատճառ է դառնում, որ Ադրբեջանի իշխանութիւններն ընկղմուեն հիստերիայի (ջլախտութեան-Խմբ.) մէջ: Ինչպէս հեշտութեամբ կարելի է կռահել՝ բացառութիւն չդարձաւ եւ Արցախեան պատուիրակութեան ներկայ, թող որ ոչ առաջին, այցը Հինգերորդ Հանրապետութիւն: Թւում է՝ արդէն ժամանակն է, որ պաշտօնական Բաքուն հաշտուի իրողութեան հետ ու վերջ տայ խիստ նեարդային (ջղային-Խմբ.) կերպով ԼՂՀ արտաքին քաղաքական քայլերին արձագանգելուն, նման բան, սակայն, տեղի չի ունենում: Պատճառը, թերեւս, թաքնուած է ադրբեջանական ղեկավարութեան հոգեկան վիճակի մէջ, որը տառապում է ֆոբիաներով (վախի բարդոյթով-Խմբ.)՝ յարուցուած Արցախի Հանրապետութեան գոյութեամբ իսկ ու նրա միջազգային ճանաչման հեռանկարներով: Բաքւում, իհարկէ, հասկանում են, որ նման այցերը զգայուն հարուած են հասցնում ապատեղեկատուական ու մեկուսացման ադրբեջանական քաղաքականութեանը, որն ուղղուած է ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան էութեան խեղաթիւրմանը, ԼՂՀ վարկաբեկմանը ու նրա շուրջ իւրատեսակ «երկաթէ վարագոյրի» ստեղծմանը: Այստեղից էլ Բաքուի ռեժիմի ջղաձգային շարժումները, որոնք նրա համար սպասուած արդիւնք չեն տալիս եւ կարող են գուցէ միայն զաւեշտական ծիծաղ յարուցել:
ԼՂՀ պատուիրակութեան Ֆրան-սիա կատարած այցի կապակցութեամբ Ադրբեջանը վճռական բողոք է յայտնել, այդ երկրի դեսպանը կանչուել է ԱԳՆ պարզաբանումների համար, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներն իրենց հերթին այցելել են ֆրանսիական ԱԳՆ: Բաքուի ԶԼՄների համար ցասկոտ մեկնաբանութեամբ բորբոքուած արտայայտուել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամուլի ծառայութեան ղեկավար ոչ անյայտ Հիքմեթ Հաջիեւը, ով հերթական անգամ աչքի է ընկել անհեթեթ յայտարարութիւններով: Ակնյայտ է, որ պաշտօնական Բաքուն, իր տխրահռչակ «սեւ ցուցակի» անարդիւնաւէտութեամբ յուսախաբուած, որտեղ ներառւում են ԼՂՀ այցելած արտասահմանցի քաղաքացիները, մտադրուել է ընդլայնել Արցախի մեկուսացմանն ուղղուած իր պատժիչ միջոցների աշխարհագրական սահմանները եւ դրանք տեղափոխել նաեւ Ֆրանսիայի տարածք: «Դժբախտաբար, Ֆրանսիան միջոցներ չձեռնարկեց այդ այցը կանխելու համար», վշտանում է Հիքմեթը: Չցանկանալով հասկանալ, որ ալիեւեան ռեժիմին, անգամ մեծ ցանկութեան դէպքում, չի յաջողուի Արցախը ռեզերվացիայի (մեկուսացման ճամբարի-Խմբ.) վերածել, որտեղ եւ որտեղից ղարաբաղեան ու արտասահմանեան քաղաքացիների մուտքն ու ելքն արգելուած կը լինէր: Ինչպէս չցանկանալով եւ նկատել, որ Ֆրանսիայից ու այլ երկրներից պահանջելով արգելք սահմանել ԼՂՀ ներկայացուցիչների՝ երկիր մուտք գործելու վրայ, Բաքուն փաստօրէն միջամտում է նրանց ներքին գործերին:
Սակայն Բաքուի անհեթեթութիւնը սահման չունի: Պարզւում է, ըստ Հիքմեթի, «Եւրամիութեան երկրներում գործող հայկական լոբբիստական շրջանակներն ու Հայաստանն այդկերպ ձգտում են խրախուսել ադրբեջանական օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքներում ստեղծուած ապօրինի ռեժիմն (վարչակարգը-Խմբ.) ու խանգարել բանակցային ճանապարհով լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը»:
Նախեւառաջ՝ ինչ վերաբերում է այսպէս կոչուած ապօրինի ռեժիմին: Հաջիեւին հարկ է իրաւական դասեր տալ ու յիշեցնել, որ ԼՂՀի հռչակման, ինչպէս եւ նրա ղեկավարութեան ընտրութեան օրինականութիւնը շատ աւելի բարձր է, քան Ադրբեջանինը: Ինչպէս յայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատը (լիազօրութիւնը-Խմբ.) նախատեսում է բանակցութիւններ վարել հակամարտութեան կողմերի ընտրուած իշխանութիւնների հետ, ինչն էլ միջնորդներն անում են՝ կանոնաւոր կերպով հանդիպելով Արցախի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան հետ, նշանակում է՝ ճանաչում են նրա օրինական լինելը: երկրորդ, տեղին է հարցնել՝ միթէ՞ ԼՂՀ ներկայացուցիչների արտասահմանեան այցերը բանակցային գործընթացին շատ աւելի մեծ վնաս են հասցնում, քան Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, որոնց հետեւանքով զոհւում են մարդիկ:
Եւ վերջինը: Հնչեցնելով սեփական իշխանութիւնների դիրքորոշումը, որոնք, հաւանաբար, յայտնուել են Եւրամիութեան երկրների կողմից Կատալոնիայի անկախութեան հռչակման չընդունման տպաւորութեան տակ, Հաջիեւը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել «վտանգաւոր անջատողական տրամադրութիւնները կանխելու համար (…) պարտադիր կարգով վարել միասնական ու միանշանակ քաղաքականութիւն»: Այլ խօսքով՝ որոշել է օգտուել եւրոպական ներկայ կոնիւնկտուրայից (դէպքերու զուգորդումէն-Խմբ.) եւ Արցախի վրայ անջատողական երկրի պիտակ կպցնել: Համեմատութիւնը, մեղմ ասած, ոչ կոռեկտ (բարոյական-Խմբ.) է: Եթէ Եւրոպան ԼՂՀ հռչակումը որակէր որպէս անջատողականութիւն, ապա նա ի դէմս իր միջազգային հեղինակաւոր ինստիտուտի՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ), հազիւ թէ որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման երեք հիմնական սկզբունքներից մէկն առաջարկեր ազգերի ինքնորոշումը, որը, ինչպէս հեշտութեամբ կարելի է կռահել, նախատեսուած է հէնց Լեռնային Ղարաբաղի համար:
Բողոքների այս անվերջ շղթան, որ յայտնում է Ադրբեջանը ցանկացած առիթով, նպատակ ունի միջազգային հանրութեանն ապացուցել, որ նա, իբր, իրաւասութիւն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Անօգուտ աշխատանք: Արցախի Հանրապետութիւնը՝ որպէս կայացած ինքնիշխան պետութիւն, ինքնուրոյն որոշում եւ վարում է իր արտաքին քաղաքականութիւնը՝ ելնելով սեփական կենսական շահերից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի շահին, ապա բոլորովին էլ վատ չէր լինի, եթէ նա վերջնականապէս ձերբազատուէր մտացածին գաղափարների իշխանութիւնից եւ իրաւահաւասար միջպետական յարաբերութիւններ հաստատէր ԼՂՀի հետ: Ինչն իր հերթին կը բխէր արդէն մեր ողջ տարածաշրջանի շահերից, որն ադրբեջանական միլիտարիզմի (ռազմապաշտութեան-Խմբ.) պատանդն է դարձել:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» պաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է