Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Անմեղսունակութեան Ցուցահանդէս

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները երէկ Հիւսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում ընթացող «Մեծ ութնեակ»ի գագաթաժողովի շրջանակում հանդէս են եկել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն առնչուող հերթական համատեղ յայտարարութեամբ:
Արդէն 5րդ տարին է, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆի նախագահներն այս ձեւաչափով նման, գրեթէ նոյնաբովանդակ յայտարարութիւն են ընդունում հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ, որից, սակայն, բուն կարգաւորման գործընթացը, փաստացի, մեռեալ կէտից առաջ չի գնում: Ամենաբարձր մակարդակով արուող այս յայտարարութիւնները վերածւում են «Մեծ ութնեակ»ի արարողակարգային բարի աւանդոյթներից մէկը: Սակայն այս տարի եռեակի յայտարարութիւնն առանձնակի «հմայք» ունէր: Այն հրապարակուեց ՄԽ համանախագահող երկրներից մէկի՝ Ռուսաստանի կողմից հակամարտութեան կողմերից մէկին՝ Ադրբեջանին, հսկայական խմբաքանակով՝ մօտ 1 մլրդ. դոլարի, գերժամանակակից յարձակողական զինտեխնիկա եւ զինամթերք վաճառելու մասին թարմ տեղեկատուութեան ֆօնին: Մինչդեռ Էնիսկիլենի յայտարարութեան մէջ համանախագահող երկրների ղեկավարները, այդ թւում՝ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չեն մոռացել յատուկ ընդգծել. «Ռազմական ուժի կիրառումը, որի արդիւնքում ձեւաւորուել է հակամարտութեան ու անկայունութեան ընթացիկ իրավիճակը, չի հանգուցալուծի հիմնախնդիրը: Ռազմական գործողութիւնների վերսկսումը աղէտալի հետեւանքներ կ՛ունենայ տարածաշրջանի համար եւ կը յանգեցնի մարդկային զոհերի, աւերածութիւնների, փախստականների թուի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի»: Այսինքն՝ ստացւում է, որ մի կողմից համանախագահող երկրները փորձում են զսպել պատերազմի վերսկսումը, ակնյայտօրէն Ադրբեջանի կողմից նախայարձակ լինելու սպառնալիքների ներքոյ, իսկ միւս կողմից՝ նրանցից մէկն ակտիւօրէն զինում է նոյն Ադրբեջանին, իսկ միւսները, հանդէս գալով ստանդարտ (միօրինակ-Խմբ.) ու, ըստ էութեան, ոչինչ չասող յայտարարութեամբ, որեւէ մակարդակով անգամ ակնարկ չեն անում դրա մասին:
Ի հարկէ, Ռուսաստանը զինում է ոչ միայն Ադրբեջանին: Գաղտնիք չէ, որ Մոսկուան զինում է նաեւ Հաայստանին: Ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ լինելու հանգամանքը Հայաստանին հնարաւորութիւն է տալիս ռուսական զէնքը ձեռք բերել համեմատաբար աւելի մատչելի, Ռուսաստանի ներքին շուկայական գներով: Սակայն կայ երկու շատ կարեւոր տարբերութիւն: Նախ՝ Ռուսաստանը Հայաստանին զէնք է մատակարարում հէնց այն պատճառով, որ աւելի մեծ ինտենսիւութեամբ (եռանդով-Խմբ.) դա անում է Ադրբեջանի պարագայում: Այսինքն՝ սպառազինութեան մրցավազքում սեփական միջոցներով հարեւանին զիջող Հայաստանին զինամթերք մատակարարելով՝ Մոսկուան ընդամէնը փորձում է պահպանել որոշակի, սահմանային հաւասարակշռութիւն: Բայց եթէ Բաքուին ժամանակակից տեխնիկա, հրթիռային կայաններ է վաճառում պատկառելի խմբաքանակներով, Հայաստանին յուսադրում է առայժմ խոստումներով՝ մի կողմից 2010թ. Օգոստոսին արուած թիւ 5 արձանագրային լրացմամբ, որով Գիւմրիի 102րդ ռուսական բազային վերապահւում է նաեւ ՀՀ զինուած ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգութեան ապահովումը, իսկ միւս կողմից՝ ՀԱՊԿի շրջանակներում Հայաստանին օգնելու՝ առայժմ երբեւէ չնիւթականացած պարտաւորութեան շահարկմամբ:
Երկրորդ տարբերութիւնն այն է, որ եթէ Ռուսաստանը զինտեխնիկան վաճառում է Ադրբեջանի զինուած ուժերին, որը կարող է այն օգտագործել ինչպէս ցանկանայ, ապա Հայաստանի պարագայում խօսքն աւելի շատ գնում է Գիւմրու ռազմաբազան յագեցնելու մասին, որը, բնականաբար, էականօրէն սահմանափակում է դրանից օգտուելու՝ Հայաստանի հնարաւորութիւններն ու իրաւունքները:
Այնպէս որ՝ հակամարտութեան կարգաւորման խնդիրն աստիճանաբար յանգում է մի իրավիճակի, երբ առաջին պլանում յայտնւում է ոչ թէ բուն բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանի խելայեղ սպառազինումը՝ միջազգային հանրութեան անտարբեր հայեացքի ներքոյ, իսկ որոշ դէպքերում նաեւ, ինչպէս համոզւում ենք, ընդհուպ օգնութեամբ:
Սակայն սա ոչ միայն դիտորդի կամ միջնորդի դեր ունեցող միջազգային հանրութեան, այլեւ, առաջին հերթին, Հայաստանի խնդիրն է՝ սեփական անվտանգութեան եւ դրա համար աւելի վստահելի երաշխիքների ապահովման առումով: Նման մասշտաբի ռազմական գործարքի ֆօնին արդէն ուղղակի օրախնդիր է դառնում միջազգային հանրութեան կողմից Բաքուին զսպելու՝ գործադրուող ջանքերով բաւարարուելու եւ սեփական անվտանգութիւնը բացառապէս դրանցով պայմանաւորելու ներկայիս քաղաքականութիւնը: Իսկ այսօր հէնց այսպիսի ուղեգիծ էլ տարւում է: Ընդամէնը օրեր առաջ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը պարզ ու յստակ յայտարարեց. «Մենք տեղեակ ենք, որ Ադրբեջանը պատրաստւում է պատերազմի եւ հետեւում ենք նրանց գործողութիւններին»: ՀՀ արտգործնախարարը օրեր անց փաստացի վերահաստատում է դա: Արձագանքելով Էնիսկիլենի յայտարարութեանը, նա, մասնաւորապէս, ասում է. «Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պէտք է պատրաստել խաղաղութեան, այլ ոչ՝ պատերազմի: Ցաւօք, մինչ այսօր Ադրբեջանի ղեկավարութիւնը հակառակն է անում»: Այսինքն՝ պաշտօնապէս գրեթէ հաստատւում է, որ գտնւում ենք պատերազմական գործողութիւնների վերսկսման նախաշեմին: Մինչդեռ ի՞նչ է անում Հայաստանը. ի դէմս արտգործնախարարի՝ ընդամէնը շտապում է իր լիակատար համաձայնութիւնը յայտնել մի յայտարարութեան, որը կատարելապէս անատամ է, ոչ ադեկուատ (պատշաճ-Խմբ.) նախապատերազմական իրավիճակին եւ բացարձակապէս անտեսում է ոչ միայն Ադրբեջանի բացայայտ սպառազինումը՝ դրա սահմանափակման միջազգային պարտաւորութիւնների ակնյայտ խախտումներով, այլեւ իր ռազմավարական դաշնակցի կողմից Բաքուի այդ ախորժակը բաւարարելու՝ ցինիզմի (լկտիութեան-Խմբ.) հասնող պրագմատիկ (գործնապաշտ-Խմբ.) քաղաքականութիւնը: ՀՀ արտգործնախարարի այդ արձագանքում, որքան էլ զարմանալի թուայ, ոչ մի բառ, անգամ հպանցիկ ակնարկ այդ մասին գոյութիւն չունի: Եթէ անգամ պատերազմի վերսկսման վտանգը պաշտօնապէս հաստատելու պարագայում է Երեւանը նման անմեղսունակութիւն դրսեւորում՝ անպատասխան թողնելով Մոսկուայի այս պահուածքը, ապա չի կարելի զարմանալ, թէ ինչպիսի հանգստութեամբ է պատրաստւում հրաժարուել, իբրեւ պետութիւն, իր էներգետիկ անկախութեան, հպարտութեան վերջին սիմվոլիկ պատառիկներից՝ «Հայռուսգազարդ»ում ունեցած 20 տոկոս բաժնեմասից: Այնպէս որ՝ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, լիովին օրինաչափ է:

«ԵՐԿԻՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles