Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Գլխաւոր Պայմաններ՝ Չափից Աւելի Մեծ Յաւակնութիւններով Քաղաքական Գաճաճի Համար

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanՅայտնի է, որ Սեպտեմբերի 24ին Նիւ Եորքում կայացած՝ ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի (ժօղովի-Խմբ.) 72րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն իրենց հանդիպման ժամանակ պայմանաւորուել էին նախագահների մակարդակով ղարաբաղեան կարգաւորման հարցով բանակցութիւնների վերսկսման շուրջ:

Ու թէեւ գագաթնաժողովի կոնկրետ (յստակ-Խմբ.) օրը դեռեւս յայտնի չէ, ենթադրւում է, որ այն կը կայանայ այս տարուայ ընթացքում: Մասամբ դա հաստատւում է այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդէն հիմա «հրետանային նախապատրաստութիւն» է սկսել՝ ջանալով ե՛ւ միջազգային հանրութեան, ե՛ւ հայրենական լսարանի առաջ ներկայանալ որպէս կոշտ քաղաքական գործիչ, ով անզիջում է սեփական դիրքորոշումը պաշտպանելու հարցում: Ըստ էութեան, սեփական սկզբունքներին հաւատարիմ մնալն ինքնին գովելի է, բայց միայն մէկ պայմանով՝ եթէ դրանք հիմնուած են իրողութիւնների սթափ գնահատման ու համարժէք ընկալման, այլ ոչ թէ պատրանքների ու անզուսպ երեւակայութեան վրայ: Ալիեւի մասին նոյնը չես ասի: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն առնչուող՝ կեղծիքի վրայ հիմնուած  ու անհեթեթ նրա բազում յայտարարութիւնները յանգեցնում են այն մտքին, որ նա ստեղծել է սեփական փոքրիկ աշխարհը, որտեղ մնալն իր համար շատ յարմարաւէտ է՝ հակառակ շրջապատող աշխարհից կտրուածութեանը:

Այս մտքի մէջ հերթական անգամ համոզուեցինք Ադրբեջանի կառավարութեան Հոկտեմբերի 9ին տեղի ունեցած ընդլայնուած նիստի ժամանակ կարգաւորման վերաբերեալ արուած նրա որոշ յայտարարութիւններին ծանօթանալիս: Նախեւառաջ, նա նշեց, որ «այսօր բանակցային գործընթացը վերականգնւում է առանց որեւէ նախապայմանի», ընդ որում, ոչ առանց յոխորտանքի յաւելեց, որ «ես հէնց սկզբից յայտարարել եմ, որ ոչ մի պայման չի ընդունուելու»: Նրա խօսքով՝ ձգտելով խաթարել բանակցութիւնները, Հայաստանն առաջ է քաշում անընդունելի պայմաններ: Հաւատարիմ մնալով ինքն իրեն (հնարաւոր է, սա եւս նրա սկզբունքներից մէկն է), Ադրբեջանի ղեկավարը խուսափեց յստակութիւնից՝ չբերելով որեւէ փաստ ու կառավարութեան անդամներին չյայտնելով՝ ինչ պայմանների մասին է խօսքը: Յամենայն դէպս, մամուլում դրա հետ կապուած ոչինչ չի սպրդել:

Ինչպէս յայտնի է, Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլին սանձազերծուած պատերազմից յետոյ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը որպէս բանակցութիւնների վերսկսման կարեւորագոյն նախապայման անուանել է հակամարտ կողմերի շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրումը, ինչը միտուած է հակամարտութեան գօտում կայունութեան ապահովմանը: Եթէ Ալիեւը նկատի ունի Հայաստանի ղեկավարի տուեալ պահանջը, ապա այն միանգամայն օրինաչափ է, քանի որ առանց հրադարի ռեժիմի խախտումների դադարեցման բանակցութիւններն անիմաստ են: Աւելորդ չէր լինի նաեւ նշել, որ յիշեալ պայմանը որպէս հրամայական պաշտպանում են նաեւ պաշտօնական Ստեփանակերտն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ միայն Ադրբեջանն է հրաժարւում կատարել այն: Ինչպէս յայտնի է, Բաքուն չստորագրեց անցեալ տարուայ վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնութիւնները, որոնք նախատեսում են շփման գծում միջազգային մոնիտորինգի (հսկումի-Խմբ.) համակարգի ներդրում: Այս առումով ուշադրութիւն է գրաւում Ալիեւի խօսքերի ու գործերի մէջ տարրական տրամաբանութեան բացակայութիւնը. մի կողմից, նա արգելափակում է այդ համաձայնութիւնների կատարումը, միւս կողմից՝ կառավարութեան նիստին յայտարարում բանակացային գործընթացի վերականգնման վերաբերեալ միջնորդների առաջարկութիւնները սատարելու մասին:

Մինչդեռ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նոյնպէս կարծիք է յայտնել այս հարցի շուրջ եւ յայտարարել, որ պետական դեպարտամենտը (արտաքին գործոց նախարարութիւնը-Խմբ,) սատարում է ԵԱՀԿ հետաքննութեան մեխանիզմի գործադրման ու շփման գծում եւ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով հաղորդիչներ տեղադրելու առաջարկը: Իսկ դա նշանակում է, որ խնդրի հրատապութիւնը պահպանւում է, եւ այդ պայմանն ամենեւին էլ հայկական կողմի քմահաճութիւնը չէ: Մեծ է հաւանականութիւնը, որ հարցը կը քննարկուի նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ենթադրեալ հանդիպման ընթացքում, որին միջնորդները, առաւել հաւանական է, կը փորձեն Ալիեւին ներշնչել մոնիտորինգի միջազգային մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ներդրման անհրաժեշտութիւնը: Արդեօք դէպքերի զարգացման նման բեմագրի դէպքում Ալիեւին կը յաջողուի՞ դիմակայել Մինսկի խմբի համանախագահների ճնշմանն ու կատարել իր խոստումը, թէ «ոչ մի պայման չի ընդունուի»: Խոստովանենք, այստեղ շատ բան կախուած կը լինի ոչ այնքան Ալիեւից, որքան՝ միջնորդներից, ովքեր չափազանց երկար են հանդուրժում Բաքուի քմահաճոյքներն ու մեծամտութիւնը: Ժամանակն է արդէն, որ նրանք մտածեն համազգեստի պատուի մասին:

Ալիեւի մեծամտութեան, աւելի ճիշդ՝ անպատկառութեան մասին, ով իրեն դրսեւորում է չափազանց անվայել ու ճչացող կերպով, կը ցանկանայինք առանձնապէս նշել: Ահա եւ կառավարութեան յիշատակուած նիստին էլ նա (արդէն ոչ առաջին անգամ) իրեն թոյլ տուեց սնապարծ արտայայտութիւններ Հայաստանի հասցէին, որոնք նորմալ հասարակութեան մէջ պարզապէս անընդունելի են: Ցանկացած բանավէճ, թէկուզ շատ սուր եւ ցաւոտ հարցերի շուրջ, քաղաքակիրթ հանրութեան շրջանում քաղաքակիրթ բնոյթ է կրում՝ առանց ընդդիմախօսի հասցէին լուտանքների: Բայց, ըստ երեւոյթին, Բաքուի կառավարութիւնը նման հանրութեան չի պատկանում: Ինչ վերաբերում է հէնց Ալիեւին, ապա միջազգային կոռուպցիոն սկանդալներով (կաշառակերութեան գայթակղութիւններով-Խմբ.) արատաւորուած քաղաքական այդ գաճաճն իրեն խոշոր միջազգային գործչի տեղ չի՞ դրել՝ քաղաքական ծանրաքաշի յաւակնութիւններով, ով իրեն թոյլ է տալիս բարոյախօսութիւններ եւ անգամ սպառնալիքներ: Թէ՞ անքակտելիօրէն իր վրայ դաջուած բռնապետի պիտակն է գլուխը կորցրած քաղաքական այս նորահարուստը մեկնաբանում ուղղակի իմաստով՝ փորձելով բռնութեամբ թելադրել բոլորովին անընդունելի իր պայմանները ինչպէս Հայաստանին, այնպէս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեանը: Իսկ գուցէ արժէ՞ Ալիեւին յիշեցնել նրա հօր դառը դասերը, որ վերջինիս տուել էին հայկական ուժերը 90ականների պատերազմում: Յիշեցնել՝ որպէս առաջիկայ բանակցութիւնների գլխաւոր պայմաններ: Ինչպէս եւ միւս բոլոր բանակցութիւնների: Որպէսզի հէնց այս պայմաններն էլ նա ընդունի որպէս ելակէտ:

 

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles