Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի ելոյթը՝ արտասանուած Հայաստան-Սփիւռք համահայկական 6րդ համաժողովի ընթացքին.
«Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ որոշ դէպքերում՝ դատապարտման գործընթացը արդէն տեղի է ունենում շուրջ հինգ տասնամեակ: Այդ ընթացքում, աւելի քան քսանհինգ պետութիւններ, մի շարք միջազգային քաղաքական եւ ոչ-քաղաքական կառոյցներ, բազմաթիւ տեղական կամ նահանգային ինքնակառավարման մարմիններ ճանաչել են եւ որոշ դէպքերում՝ դատապարտել են Հայոց Ցեղասպանութիւնը: Փաստ է, որ այն օրուանից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետութիւնը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը դարձրել է իր արտաքին քաղաքականութեան մասը՝ մեծացել է թիւը Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող պետութիւնների ու միջազգային կառոյցների:
Այստեղ անհրաժեշտ է, որ մենք ճիշդ գնահատենք այս ճանաչումները: Նրանք, մեծաւ մասամբ, չունեն իրաւական արժէք, այլ՝ ունեն առաւելաբար քաղաքական նշանակութիւն: Իսկ այդ քաղաքական քայլերի արժէքը ակամայից որոշել է հէնց ինքը՝ Թուրքիան. ինչքան ուժեղ է հակադարձել նա այդ ճանաչումներին, այնքան բարձրացել է նրանց քաղաքական արժէքը: Իսկ Թուրքիան, գրեթէ առանց բացառութեան, միշտ էլ ուժեղ հակադարձել է:
Ճանաչման այս գործընթացի գլխաւոր նպատակներից մէկը եղել է դիմադրել Թուրքիայի ժխտողական քաղաքականութեանը մէկ կողմից՝ արտասահմանում, միւս կողմից՝ հէնց Թուրքիայի ներսում: Թէեւ արտաքին ճակատում Թուրքիան, կարելի է ասել, տանուլ է տուել կռիւը, բայց նա շարունակում է ժխտողական քաղաքականութիւնը, որոշ փոփոխութիւններ կատարելով իր մարտավարութեան մէջ: Իսկ Թուրքիայի ներսում, այս գործընթացը ունեցել է իր անուրանալի ազդեցութիւնը, թէեւ որոշներ հակառակն են պնդում: Իրականութիւնն այն է, որ ճանաչման այս գործընթացը եղել է հիմնական, բայց՝ ոչ միակ խթանը, որ մղել է Թուրքիայի հասարակութեանը վերատեսութեան ենթարկելու պետութեան պաշտօնական քաղաքականութեան քարոզածը: Գոյութիւն են ունեցել նաեւ այլ խթանող հանգամանքներ, սկսած՝ 1975-1985 թուականներին Թուրքիայի դէմ զինեալ գործողութիւններից, մինչեւ Թուրքիա-Եւրոմիութիւն մերձեցման գործընթացում ստեղծուած ներքին եւ արտաքին հնարաւորութիւններ՝ Եւրոխորհրդարանի 1987 թուականի բանաձեւից մինչեւ՝ Թուրքիայի բնակչութեան տարբեր հատուածների ինքնութեան փնտռտուքի համատեքստում (պարունակին մէջ)՝ գիտաժողովներ, քննարկումներ, հրապարակումներ ու հրատարակութիւններ:
Թուրքիայում իրադրութիւնը հասել է նրան, որ 2014 թուականից սկսած, Ապրիլի 24ի առիթով, Թուրքիայի այն ժամանակուայ վարչապետն ու ներկայիս նախագահը մաղթում է, որ «20րդ դարի սկզբին իրենց կեանքը կորցրած բոլոր հայերի հոգիները հանգչեն խաղաղութեամբ, իսկ նրանց թոռներին յայտնում է իր ցաւակցութիւնը»: Թէեւ մէկ առիթով Թուրքիայի ղեկավարը խօսում է «տեղահանութեան» մասին, բայց «ցաւակցութիւն»ը այնպիսի ձեւով է յայտնում, որ կարծէք հայերը բնական աղէտի զոհ են գնացել, կամ՝ նոյն ձեւի կորուստներ են ունեցել նաեւ Թուրքիայի միւս ժողովուրդները՝ թուրքեր, քրդեր, արաբներ եւ այլն: Բնականաբար, Թուրքիայի ղեկավարի այս յայտարարութիւնները չի կարելի համարել Հայոց Ցեղասպանութեան ճանաչում Թուրքիայի կողմից. ընդհակառակը, այդ յայտարարութիւնները Ցեղասպանութեան ժխտման աւելի նուրբ մօտեցման դրսեւորում են: Ժխտողական քաղաքականութեան այս նոր մարտավարութեան գլխաւոր յատկանիշն ու նպատակը Թուրքիայի պատասխանատուութիւնից խուսափելն է: Առանց տուրք տալու Թուրքիայի այս նոր մարտավարութեանը, պէտք է արձանագրել, որ Թուրքիան այս մարտավարութիւնը որդեգրել է հարկադրաբար, փորձելով մեղմել Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ճանապարհով իր վրայ աւելացող ճնշումը:
Շուրջ երեք տասնեակ պետութիւնների եւ միջազգային կառոյցների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պատճառ չէ, որ այլ պետութիւնների կողմից եւս ճանաչման ուղղութեամբ աշխատանք պէտք չէ տանել. ընդհակառակը, պէտք է շարունակել այդ ուղղութեամբ աշխատանքները, որովհետեւ, ինչպէս ասուեց, այդ ճանաչումները տալիս են իրենց դրական ազդեցութիւնը՝ Թուրքիայում Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի վրայ: Առաւել, Թուրքիան փորձ է անում, որ մի շարք պետութիւններ կամ նոյնիսկ տեղական ինքնակառավարման մարմիններ, ովքեր ճանաչել են Ցեղասպանութիւնը, փոխեն իրենց այդ կեցուածքը. պէտք է ձախողութեան մատնել այս փորձերը եւս:
Ցեղասպանութիւնը ճանաչած պետութիւններում կամ նահանգային ու տեղական մարմիններում, անհրաժեշտ է առնել տրամաբանական յաջորդ քայլերը, որոնց շարքին՝ Հայոց Ցեղասպանութեան մասին ուսուցումը դարձնել կրթական ծրագրերի մաս, որպէս համաշխարհային պատմութիւնում գրանցուած մարդկութեան դէմ առաջին յանցագործութիւն:
Վերջին 10-15 տարիներին, հայերս փորձել ենք նաեւ, այնտեղ որտեղ կարելի է նման օրէնքներ որդեգրել, Հայոց Ցեղասպանութեան ժխտումը դարձնել քրէօրէն պատժելի արարք: Այս տարիների փորձը՝ Ֆրանսիայից մինչեւ Բելգիա, մինչեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, յուշում է, որ անհրաժեշտ է այս դէպքում մենք մեր մօտեցումներում մտցնենք որոշ փոփոխութիւններ: Նախ պէտք է ճշդենք, ճշգրտենք այն, թէ ի՞նչն ենք ուզում քրէօրէն պատժել, հայութիւնը բնաջնջելու պետական ծրագիրը եւ այդ ծրագրի գործադրութեան փորձը, թէ՝ այդ ծրագրի ու փորձի որակումը որպէս ցեղասպանութիւն: Հաշուի առնելով այլ նման դէպքերի ժխտման վերաբերեալ օրէնքներն ու ՄԻԵԴի ծանօթ որոշումը (Փերինչեք), կարծում եմ, անհրաժեշտ է նախապատուութիւնը տալ պետական ծրագիրը եւ փորձը ժխտող արարքներին, յատուկ ուշադրութիւն դարձնելով նաեւ հէնց Թուրքիայում, Թուրքիայի իսկ օրէնքների հիման վրայ, ռազմական դատարաններում 1919-1920ին տեղի ունեցած դատավարութիւններին: Այդ դատավարութիւնները, որոնք տեղի են ունեցել Ցեղասպանութեան գործադրութեան ընթացքում, հետեւաբար ունեն նաեւ թերութիւններ, հաստատում են պետութեան պատասխանատուութիւնը կատարուածի համար:
Թէեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը սկսուեց շուրջ 50 տարի առաջ՝ նաեւ որպէս նախապատրաստութիւն՝ հատուցման հարցը բարձրացնելու, հայութիւնը հաւաքաբար ընդամէնը մի քանի տարի առաջ սկսեց հատուցման ուղղութեամբ աշխատանքների: Մինչ այդ, չհաշուած Առաջին աշխարհամարտի աւարտին՝ 1919ի Խաղաղութեան վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան կողմից ներկայացուած հատուցման պահանջագիրը, հայկական տարբեր կազմակերպութիւնների կողմից Ցեղասպանութեան հատուցում ասելով ընդհանրապէս կամ նախ եւ առաջ հասկացուել է տարածքների վերադարձ: Զուգահեռաբար, եղել են անհատների կողմից ուսումնասիրութիւններ հատուցման չափի մասին:
2015 թուականի Յունուարի 29ին հրապարակուած Համահայկական հռչակագիրը «արտայայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը՝ Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:
ՀՀ կառավարութեան 2017-2022 թուականների ծրագիրը այս ուղղութեամբ քաղաքական ուղեգիծ է ճշդում «Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, դատապարտումը եւ ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելումը», թէեւ կառավարութիւնը ձեւաւորած երկու կուսակցութիւններն էլ՝ ՀՀԿն ու ՀՅԴն, իրենց առանձին նախընտրական ծրագրերում խօսել են աւելիի մասին: ՀՀԿի նախընտրական ծրագիրը ասում է. «Շարունակուելու են ջանքերը ցեղասպանութեան յանցագործութիւնների կանխարգելման ու դատապարտման, ինչպէս նաեւ դրանց հետեւանքների վերացմանն առնչուող խնդիրները միջազգային հանրութեան օրակարգում պահելու համար»: Իսկ ՀՅԴի նախընտրական ծրագիրը՝ «ՀՀ արտաքին քաղաքականութեան օրակարգի անքակտելի մաս դարձնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ փոխհատուցման հարցերը»:
Առկայ են տարբեր նախաձեռնութիւններ հատուցման խնդրի ե՛ւ ուսումնասիրութիւն կատարելու, ե՛ւ ինչ որ գործընթացներ սկսելու ուղղութեամբ: Կենսական է դարձել, այդ ուղղութեամբ բոլոր աշխատանքների համադրումը եւ կոնկրետ (յստակ) քայլեր ձեռնարկելը: Պէտք է արձանագրել, որ հատուցման հարցը միայն իրաւական գործընթաց չի ենթադրում: Այն ունի նաեւ քաղաքական երես. քաղաքական եւ այլ աշխատանքներով անհրաժեշտ է հատուցման հարցը դարձնել միջազգային հանրութեան օրակարգի նիւթ, սկսելով նրանից, թէ ի՛նչ ենք հասկանում Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչում ասելով: Այն կը ներառի նաեւ Թուրքիայի կողմից իր պատասխանատուութեան ճանաչում:
Հատուցման ուղղութեամբ կարեւոր քայլ կը լինի, պէտք է լինի, Հայաստանի Հանրապետութեան կողմից 2009 թուականի Հոկտեմբերի 10ի Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններից Հայաստանի ստորագրութեան յետ կանչելը, ինչպէս նաեւ՝ 2019 թուականի Մայիսի 28ին, պետական մակարդակով նշումը 1919 թուականի Մայիսի 28ի՝ Միացեալ Հայաստանի հռչակման 100ամեակի նշումը:
Ցեղասպանութիւնների կանխարգելման ամենաազդու միջոցը՝ ցեղասպանութիւն գործած պետութիւններին համապատասխան պատիժի ենթարկելն է: Սա, նաեւ միջազգային հանրութեան պատասխանատուութիւնն է. իսկ միջազգային հանրութեան օրակարգին այն մաս դարձնելը մեր՝ հայութեան պարտականութիւնն է»: