Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Արցախեան Հարցի Լուծման 5 Մօտեցումները

$
0
0

ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՈՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆԻ ԵԼՈՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

 

0920nalbՅարգելի հայրենակիցներ, մի քանի ամսից նշուելու է Ղարաբաղեան շարժման երեսնամեակը: Յիրաւի նշանակալի մի տարեթիւ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրեայ զարթօնքը, պայքարը յանուն ազատութեան ու արդարութեան, յանուն մեր իրաւունքների պաշտպանութեան, խորհրդանշում է մեր հաւաքական կամքն ու միասնութիւնը: Երեք տասնամեակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարաւորութիւն է տալիս հետհայեացք գցելով՝ գնահատել անցած ճանապարհը:

Այսօր ես կը ցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մօտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշները, եւ ես համոզուած եմ, յետագայում եւս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը: Երբ ես ասում եմ՝ մեր, ի հարկէ նկատի ունեմ, որ գլխաւոր մօտեցումները իրաւամբ կարող են համարուել ոչ միայն Հայաստանինը, այլեւ որդեգրուած լինեն նաեւ թէ՛ Արցախում, թէ՛ Սփիւռքում:

Իսկ Բաքւում այս հարցում ընդհանրապէս որեւէ տարբերակում չեն դնում, եւ մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մէկ թշանամու» կոչմանը: Մինչեւ Հայաստանի մօտեցումները ձեզ ներկայացնելը կը ցանկանայի յստակեցնել, որ մի ելոյթի շրջանակներում չեմ յաւակնում դրանց համակողմանի ներկայացմանը, իսկ այն հերթականութիւնը, որոնցով դրանք ներկայացուելու են պայմանաւորուած չէ այս կամ այն մօտեցման առաջնայնութեամբ, քանի որ դրանք բոլորն էլ մեզ համար կարեւոր նշանակութիւն ունեն:

Յարգելի հայրենակիցներ, առաջին մօտեցումը, որին ես կը ցանկանայի անդրադառնալ, դա բացառապէս խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր յանձնառութիւնն է: Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնուելով ԽՍՀՄ օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի վրայ, պահանջում էր վերականգնել պատմական արդարութիւնը եւ յարգել մարդու հիմնարար ազատութիւնները: Ինչպէս Ղարաբաղեան շարժման արշալոյսին, այնպէս էլ դրա ողջ ընթացքում սա է եղել մեր ուղենիշը:

Տրամագծօրէն հակառակն էին Բաքուի մօտեցումները, որը ինչպէս երեսուն տարի առաջ, այնպէս էլ այսօր ապաւինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մօտեցումների տարբերութիւնը: Խաղաղ ցոյցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետեւեցին նաեւ պատերազմական յանցագործութիւնները արցախեան գոյամարտի օրերին: Այս տարի լրացաւ այդ ողբերգութիւններից մէկի՝ Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանութեամբ սպաննուեցին հինգ տասնեակից աւել խաղաղ բնակիչներ, ներառեալ՝ կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցուեց ադրբեջանական զինուած ուժերի կողմից եւ ենթարկուեց կտտանքների: 2016թ.ի Ապրիլին էլ մարդասիրական իրաւունքի կոպտագոյն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնուող Թալիշ գիւղում ադրբեջանական ոճրագործները սպաննեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպաննեցին 12ամեայ երեխային, վիրաւորեցին նրա դասընկերներին: Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարուած հայ զինուորներին՝ ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դէմքը, որին բնորոշ է ԴԱԷՇի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը:

Միթէ նոյնը չէ՞ր իրագործւում հայերի նկատմամբ երեսուն տարի առաջ Սումգայիթում, որն այսօր արդէն միջազգային մամուլը կնքել է որպէս Ադրբեջանում ջիհադիստների մայրաքաղաք ու սպառնալիք հէնց այդ երկրի համար: Ինչպէս ասում են՝ «ինչ ցանում ես, այն էլ կը հնձես»: Ակնյայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթէ խորհրդային տարիներին Ադրբեջանը հետեւողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացայայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նոյնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայութեան դէմ սանձազերծուած պատերազմի ընթացքում դիմում էր բացայայտ էթնիկ (ցեղային-Խմբ.) զտման:

Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպուած էր դիմել ինքնապաշտպանութեան՝ ապահովելու համար կեանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրաւունքը: Ադրբեջանական բարբարոսութիւնները թէ՛ ղարաբաղեան շարժման առաջին տարիներին, թէ՛ 2016թ.ի Ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի իր իրաւունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայումս:

Յարգելի հայրենակիցներ, երկրորդ մօտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, դա Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացման միջազգային ճանաչումն է: Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականութեան հետ միասին աներկբայօրէն ամրագրուած է, որպէս Ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մէկը:

Որպէս այդպիսին, այս երեք սկզբունքներն արտացոլուած են թէ՛ միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների յայտարարութիւններում, թէ՛ Եւրոպայում անվտանգութեան ու համագործակցութեան կազմակերպութեան, թէ՛ մի շարք այլ միջազգային կառոյցների փաստաթղթերում:

Եռանախագահ երկրների առաջարկութիւնը ներառում է ինքնորոշման իրաւունքի փաստացի կիրառումը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի որոշումը իր բնակչութեան ազատ կամարտայայտութեան միջոցով, ինչը պէտք է ունենայ միջազգային իրաւական պարտադիր ուժ: Այսինքն՝ պարտադիր նաեւ Ադրբեջանի համար եւ երաշխաւորուած՝ միջազգային հանրութեան կողմից: Հայաստանը բազմիցս յայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկութիւնները, այս սկզբունքները որպէս բանակցութիւնների հիմք: Մինչդեռ՝ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նոյնիսկ հրաժարւում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց յղում են պարունակում:

Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչեւ Ադրբեջանը չընդունի միջազգային իրաւունքի այս սկզբունքները: Փոխարէնը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ (շարադրանքներ-Խմբ.) յօրինել, համանախագահներին երեւակայական առաջարկութիւններ վերագրել: Այս մտավարժանքները իրականութեան հետ ոչ մի կապ չունեն:

Ինչպէս ասում են՝ «ստի պոչը կարճ է». ամէն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդիւնքներով յայտարարութիւն են տարածում, ջրի երես է դուրս գալիս, թէ որքան իրականութիւնից հեռու են ադրբեջանական կեղծիքները եւ որքան համահունչ են միջազգային հանրութեան մօտեցումները մեր տեսակէտների հետ:

Մէկ անգամ եւս յստակութեան համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտայայտուած են համանախագահ երկրների նախագահների հինգ յայտարարութիւններում, որոնք բազմիցս վերահաստատուել են, ինչպէս օրինակ անցեալ Դեկտեմբերին Համբուրգում՝ եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների՝ միջազգային հանրութեան կողմից համապատասխան մանդատ (լիազօրութիւն-Խմբ.) ունեցող միջնորդական միակ ձեւաչափի դիրքորոշումը: Միջազգային հանրութիւնը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկութիւններին:

Բերեմ միայն մէկ օրինակ. 2015թ.ի Մայիսին Եւրոպական Միութեան 28 եւ Արեւելեան գործընկերութեան 6 երկրների կողմից ընդունուած Ռիգայի գագաթաժողովի համատեղ յայտարարութիւնը աջակցութիւն էր յայտնում համանախագահ երկրներին եւ նրանց նախագահների Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման վերաբերեալ արուած հինգ յայտարարութիւններին: Ադրբեջանը հաւատարիմ մնաց իր գործելաոճին՝ ընդդիմանալով այդ դիրքորոշմանը, բնականաբար, յայտնուելով մեկուսացման մէջ:

Յարգելի հայրենակիցներ, երրորդ մօտեցումը, որը նոյնպէս կարեւորագոյն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորումն է: Սա է նաեւ Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրաւունքի նպատակներից մէկը: Մարդկանց անվտանգութեան ապահովումը միջազգային պարտաւորութիւններից մէկն է, եւ Լեռնային Ղարաբաղն այս իրաւունքը վաստակել է նաեւ իր արեան ու մեծ զոհողութիւնների գնով:

Հանգուցալուծումը պէտք է Արցախի ժողովրդի անվտանգութեան ապահովման յստակ երաշխիքներ պարունակի: Բաքուի ռազմական հռետորաբանութիւնը, Ադրբեջանի ղեկավարութեան կողմից հասարակութեան մէջ հայատեացութեան սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր եւ նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողութիւնները, ապրիլեան ոճրագործութիւնները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգութեան թերի երաշխիքների պարագայում այս հակամարտութիւնն աւարտուած չի կարող համարուել: Համանախագահները, միջազգային հանրութիւնը դա յստակ պատկերացնում են: Հիմնահարցի հանգուցալուծման եռանախագահների առաջարկութիւնները Արցախի անվտանգութեան բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում:

Յարգելի հայրենակիցներ, չորրորդ մօտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների անշեղ իրականացմանը: Այստեղ էլ մեր եւ Ադրբեջանի մօտեցումները էապէս տարբերւում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, յետ է կանգնում իր յանձնառութիւններից եւ պայմանաւորուածութիւններից: Կարծում եմ դժուար չի լինի պատկերացնել, թէ որքան մեծ ջանքեր է պահանջում բանակցային սեղանի շուրջ համաձայնութիւնների ձեռք բերումը, յատկապէս, երբ բանակցող կողմերից մէկը Ադրբեջանն է:

Բաքուն շարունակում է հակադրուել միջազգային հանրութեան ու Հայաստանի ջանքերին. չի յարգում պայմանաւորուածութիւնները, յետ է կանգնում համաձայնութիւններից, ինչպէս դա եղաւ Սանկտ Պետերբուրգում (2010թ. Յունիսին), Աստրախանում (2010թ. Հոկտեմբերին), Սոչիում (2011թ. Մարտին), Կազանում (2011թ. Յունիսին) եւ բազմաթիւ այլ անգամներ:

Սակայն, ոչինչ աննկատ չի անցնում եւ ամէն ինչին չափ ու սահման կայ: Այս հին իմաստնութեան վառ ապացոյց են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցէական յայտարարութիւնները, որոնք նպատակ են հետապնդում ուշքի բերել Ադրբեջանին: Եռանախագահները սկսել են մատնանշել, որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքուին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգաւորման յանձնառութիւնը, զերծ մնալ իրադրութեան սրումից, անվերապահ յարգել եւ իրականացնել 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցէին հնչեցուող քննադատութիւններին եւ յարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտութեան հանգուցալուծումն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննութեան մեխանիզմի (մեքենակառոյցի-Խմբ.) ստեղծմանը:

Սակայն, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը՝ կառչած մնալով իր ծայրայեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարուած է հասցնում խաղաղութեան գործընթացին, խորացնում է անվստահութիւնը: Հարց է առաջանում, իսկ արդեօք պէ՞տք է այդքան ջանք ու եռանդ ներդնել մի գործընթացում, որի շրջանակներում ձեռք բերուած համաձայնութիւնները միեւնոյն է Բաքուն չի կատարելու: Այս հարցի պատասխանը յստակ է. Հայաստանն ու Արցախը խաղաղ կարգաւորման ջատագով են, իսկ դրան հասնել հնարաւոր է միայն բանակցութիւնների միջոցով՝ բանակցային գործընթացին այլընտրանք չկայ, եւ այս նոյն կարծիքն ունեն եռանախագահ երկրները՝ արտայայտելով միջազգային հանրութեան մօտեցումը: Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է հիմնահարցի բացառապէս խաղաղ կարգաւորման ուղղութեամբ ջանքերը: Դա է պատճառը, որ մենք բանակցային գործընթացից ու հանդիպումներից չենք հրաժարւում:

Միաժամանակ, ակնյայտ է, որ ձեռք բերուած համաձայնութիւնները պէտք է իրականացուեն, այլապէս խաղաղութեան գործընթացն առաջ չի ընթանայ: Սա վերաբերում է նաեւ նախորդ տարուայ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնութիւններին: Այս հարցում էլ եռանախագահների ու մեր տեսակէտները նոյնն են՝ ի տարբերութիւն Ադրբեջանի:

Յարգելի հայրենակիցներ, հինգերորդ մօտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցութեանը: Համոզուած ենք, որ հիմնահարցի կարգաւորման ու տեւական խաղաղութեան հաստատմանն ուղղուած ջանքերում Արցախը պէտք է ունենայ իր որոշիչ ձայնը: Համանախագահները կիսում են այս տեսակէտը: Հայաստանը հետեւողական քայլեր է իրականացնում այս ուղղութեամբ:

Այսօր Ադրբեջանը հրաժարւում է Արցախին բանակցային կողմ ճանաչել՝ փորձելով մոռացութեան մատնել, որ 1994թ.ին հէնց նրանից էր ստիպուած զինադադար խնդրել եւ դա ամրագրել իր ստորագրութեամբ Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Իրողութիւնները քմահաճոյքների համաձայն չեն փոփոխւում, կարելի է փորձել անտեսել դրանք, բայց անկարելի է դրանցից երկար ժամանակ խուսափել ու ի վերջոյ ինքդ քեզ փակուղու առաջ չկանգնեցնել: Հիմնահարցի հանգուցալուծումն առաջին հերթին պէտք է հաշուի առնի Արցախի ժողովրդի իրաւունքները, որոնք անկախ Լեռնային Ղարաբաղի ներկայ իրաւական կարգավիճակից, նոյնն են ինչ աշխարհի բոլոր ժողովուրդների համար եւ ամրագրուած են ՄԱԿի կանոնադրութեան մէջ, Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրում եւ միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դէմ է Ադրբեջանը՝ մի երկիր, որը այսպէս թէ այնպէս դէմ է մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների բոլոր միջազգային չափանիշներին: Սեւ ցուցակներում մարդկանց ընգրկելով ու միջազգային հետապնդումներ յայտարարելով բռնապետերը չեն կարող ո՛չ վախեցնել, ո՛չ արգելել մարդկանց միջեւ ազատ շփումները, ո՛չ էլ խօսքի ազատութիւնը: Դա կարող է բումերանգի ազդեցութիւն ունենալ: Դրա ապացոյցն է բլոգեր Լապշինի ձերբակալութիւնից յետոյ Արցախ այցելած լրագրողների ու բլոգերների թուի շեշտակի աճը եւ նրա՝ ազատութեան մէջ յայտնուելուց յետոյ սառը ցնցուղի ազդեցութիւն ունեցող իր ուղերձները Ադրբեջանին:

Յարգելի հայրենակիցներ, վեցերորդ մօտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրաւունքների մասին միջազգային իրազեկուածութեան առաւել բարձրացմանը: Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո՛չ պատմական, ո՛չ իրաւական, ո՛չ բարոյական որեւէ հիմք եւ փորձում է այդ դատարկութիւնը լրացնել կեղծարարութեամբ: Այս առաքելութեանն է լծուած Բաքուին ծառայող վարձկանների բանակը, որը ինչպէս եւս մէկ անգամ վերջերս ցոյց տուեց յայտնի «ադրբեջանական լուացքատան» կոռուպցիոն սկանդալը (գայթակղութիւնը-Խմբ.) ներառում է մեզ վրայ ցեխ շպրտող քաջածանօթ դէմքերի: Ճիշդ որ՝ «ուրիշի վրայ ցեխ շպրտողի ձեռքերը մինչեւ արմունկները եւ անգամ նրանց դէմքերը ցեխի մէջ են»:

Անշուշտ, այս պայմաններում Արցախի պատմութեան, նրա ժողովրդի իրաւունքների մասին իրականութիւնը միջազգային հանրութեանն առաւել իրազեկելու ուղղութեամբ կատարուող աշխատանքները առաջնային նշանակութիւն ունեն: Ասում են՝ «ակնյայտն ապացուցման կարիք չունի», սակայն որոշ դէպքերում ունի պարբերաբար յիշեցման կարիք: Նաեւ մեր սփիւռքահայ եղբայներն ու քոյրերն այս առումով պէտք է շարունակեն բացայայտել Ադրբեջանի կեղծարարութիւնները այնտեղ, որտեղ դեռ կարիք կայ: Իր շուրջ տարբեր միֆեր (առասպելներ-Խմբ.) հիւսելով Բաքուն կարծում է, թէ կարող է դրանց վրայ հիմնել Արցախի նկատմամբ իր նկրտումները:

Բայց դրանք ընդամէնը փուչիկներ են, որոնք չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մէկը միւսի յետեւից պայթում են: Վերցնենք օրինակ Բաքուի սիրուած առասպելներից մէկը՝ Ադրբեջանի իբր բազմամշակութային, բազմակրօն, հանդուրժողական երկիր լինելու մասին: Ի՞նչ հանդուրժողականութեան մասին է խօսքը, երբ Ադրբեջանում հողին են հաւասարեցւում հայկական յուշարձանները՝ եկեղեցիներն ու վանքերը, խաչքարարերն ու գերեզմանոցները: Ի՞նչ հանդուրժողականութեան մասին է խօսքը, երբ ադրբեջանական դասագրքերում հայերին ներկայացնում են որպէս գենետիկ (ծննդական-Խմբ.) թշնամի:

Այս ամէնի մասին ահազանգւում է միջազգային հեղինակաւոր կառոյցների համապատասխան զեկոյցներում: Ի՞նչ հանդուրժողականութեան մասին է խօսքը, երբ մի շարք երկրների արտգործնախարարութիւններ ուղղակի զգուշացնում են հայկական անուններով իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան, որտեղ նրանք կարող են ենթարկուել հետապնդումների պարզապէս հայ լինելու պատճառով: Եւ իրականութիւնն այն է, որ իսկապէս այսօր այլ երկրների ծագումով հայ քաղաքացիները Բաքու այցելելիս յայտնւում են ճաղերի յետեւում: Համաձայնուէք. սա հանդուրժողականութեան իւրայատուկ դրսեւորում է, որը բնորոշ է Ադրբեջանին՝ մի երկրի, որն ուզում է ողջ աշխարհին համոզել, թէ իբր Արցախի հայերը իր քաղաքացիներն են: Կարծում եմ պարզ է, թէ ինչ ճակատագիր է սպասւում ադրբեջանական ճանկերի մէջ յայտնուած իւրաքանչիւր արցախցուն, եւ 2016թ.ի Ապրիլը դրա միակ ապացոյցը չէ, օրինակները բազմաթիւ են:

Յարգելի հայրենակիցներ, այս հիմնական մօտեցումների վրայ են խարսխուած Ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման ուղղութեամբ իրականացուող մեր աշխատանքները: Այսօր, բանակցային գործընթացի շուրջ մեր մօտեցումները համահունչ են միջազգային հանրութեան, եռանախագահների դիրքորոշմանը: Համոզուած եմ, որ մեր համատեղ ջանքերի արդիւնքում կը յաջողուի դրանց վրայ հիմնուած հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը ու տեւական խաղաղութիւն հաստատել տարածաշրջանում:

Նման վստահութեան ամենամեծ գրաւականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակութիւն, ժողովրդավարական հաստատութիւններ, օրէնքի գերակայութեան վրայ հիմնուած գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողութիւնը: Արցախն է՝ իր զինուած ուժերով, որը կարող է արժանի հակահարուած տալ ոտնձգութիւններին: Արցախն է՝ ազատութեան ողջ բոյրը վայելած իր անպարտ սերունդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի բնորոշմամբ՝ «ոչ միայն մարտունակ է, այլեւ կենսունակ եւ մրցունակ»:

Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Սփիւռքը կանգած են Արցախի կողքին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles