Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայաստանի Ա. Հանրապետութեան Իշխանութեան Մարմինների Ստեղծումը

$
0
0

govbuilding

Հայաստանի անկախութեան հռչակումից եւ Բաթումի հաշտութեան պայմանագրի կնքումից յետոյ Թիֆլիսում կազմուեց անդրանիկ կառավարութիւնը: Այն 1918թ. Յուլիսի երկրորդ կէսին, Հայոց Ազգային խորհրդի անդամների հետ միասին, փոխադրուեց մայրաքաղաք Երեւան եւ անմիջապէս անցաւ գործի: Կառավարութեան նախագահ (վարչապետ) ընտրուեց Յովհաննէս Քաջազնունին (1868-1937):

Մինչ նորակազմ կառավարութիւնը Թիֆլիսից կը ժամանէր Երեւան, տեղում պետական կառոյցներ ստեղծելու եւ կարգուկանոն հաստատելու ուղղութեամբ հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարուել: Այն իրականացրել էր Երեւանի Ազգային խորհրդի փաստացի ղեկավար, հայ ազատագրական շարժման ականաւոր գործիչ Արամ Մանուկեանը (Սարգիս Յովհաննիսեան, 1879–1919): Նրան իրաւամբ կարելի է համարել Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր:

Կառավարութեան ստեղծումից յետոյ խնդիր դրուեց ձեւաւորել օրէնսդիր մարմինը՝ խորհրդարանը: Հարկ է նշել, որ հանրապետութեան գոյութեան 2.5 տարուայ ընթացքում կազմուել է երկու գումարման խորհրդարան: Առաջին խորհրդարանը կոչուել է Հայաստանի խորհուրդ՝ 46 պատգամաւորով, բազմակուսակցական սկզբունքով: Երկրորդ գումարման խորհրդարանը (պառլամենտ) ձեւաւորուել է 1919թ. Յունիսին անցկացուած համաժողովրդական ընտրութիւնների միջոցով: Այն բաղկացած էր 80 պատգամաւորից, որոնց ճնշող մեծամասնութիւնը Դաշնակցութիւն կուսակցութեան ներկայացուցիչներ էին: Առաջին խորհրդարանի նախագահ ընտրուեց մասնագիտութեամբ գիւղատնտես Աւետիք Սահակեանը, իսկ երկրորդինը՝ գրող, հրապարակախօս Աւետիս Ահարոնեանը (1866-1948):

Պետական կառավարման տեսակէտից ՀՀն համարւում էր խորհրդարանական դեմոկրատական (ռամկավար) հանրապետութիւն, որտեղ բարձրագոյն օրէնսդիր իշխանութիւնը խորհրդարանն էր, իսկ բարձրագոյն գործադիր իշխանութիւնը՝ կառավարութիւնը: Ընդ որում, կառավարութեան նախագահը (վարչապետը) համարւում էր հանրապետութեան թիւ մէկ պաշտօնատար անձը: Սակայն նա ընտրւում էր խորհրդարանի կողմից եւ հաշուետու էր նրան:

Պետական իշխանութեան կայացման գործում կարեւոր էր նաեւ դատական իշխանութեան ձեւաւորումը: Սկզբում ժամանակաւորապէս, որոշ փոփոխութիւններով, պահպանուեցին Ռուսական կայսրութեան օրէնքները: Յետագայում աստիճանաբար սկսեցին արմատաւորուել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրէնքներ: Դատաիրաւական համակարգում մտցուեց եռաստիճան (շրջանային, դատաստանական պալատ եւ սենատ) դատական ատեան:

Հանրապետութեան դատական համակարգի ժողովրդավարացման դրսեւորում էր 1919թ. երդուեալ ատենակալների դատարանի հիմնումը:

Իշխանութեան համակարգում իրենց ուրոյն տեղն ունէին տեղական իշխանութեան՝ գաւառային, քաղաքային եւ համայնքային մարմինները: Աշխարհամարտի աւարտից յետոյ, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակուել, գաւառների թիւն անցաւ մէկ տասնեակից: Հանրապետական նշանակութեան քաղաքների թիւը նոյնպէս անցնում էր մէկ տասնեակից: Աւելի ուշ՝ 1920թ. Մայիսին, վարչական տեսակէտից հանրապետութեան տարածքը բաժանուեց չորս նահանգների՝ Արարատեան, Շիրակի, Վանանդի եւ Սիւնիքի: Այդ ժամանակ ՀՀ տարածքը հասաւ շուրջ 70 հազ. քառ. կմ.ի, 2 մլն. բնակչութեամբ:

Կառավարութեան նախաձեռնութեամբ մշակուեց եւ գործողութեան մէջ դրուեց զեմստուային (տեղական ինքնակառավարման) հաստատութիւնների մասին օրէնքը: Վերակազմուեցին քաղաքային ինքնավարութիւնները եւ այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆ


 

Այս Էջը Կը Հովանաւորէ

 

ՌՈՒՄԱՆԱՀԱՅԵՐՈՒ «ՐԱՖՖԻ»

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ

Raffi Cultural Association

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Latest Images

Trending Articles



Latest Images