Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայաստանի Առաջին Հանրապետութեան Զինուած Ուժերի Սպառազինութիւնը

$
0
0

ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

sbarazinutyun6Հայոց անկախ պետականութեան կայացման ամենազօրեղ կռուաններից մէկը ազգային բանակի ստեղծումն է: Առաջին Համաշխարհային պատերազմի աւարտական ու ծանր փուլում՝ 1917թ. Դեկտեմբերի 13ի Կովկասեան բանակի գլխաւոր հրամանատարի 136 հրամանով արտօնւում է հայկական կորպուսի ստեղծումը:

1918թ. Մարտի վերջին հայկական կորպուսի մարտական անձնակազմի թուաքանակը կազմում էր շուրջ 20,000, որից մօտ 800ը՝ սպայ: 1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմաւորուեց մէկ հետեւակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակուեց գեներալ Մովսէս Սիլիկեանը (1862-1937թթ.): Դիվիզիայի թուակազմը հասնում էր մօտ 16 հազարի: 1919թ. Յունուարի դրութեամբ այդ քանակը գրեթէ անփոփոխ էր: Նոյն թուականի վերջին արդէն հայկական բանակի թուաքանակը կազմում էր աւելի քան 30,000:

1918թ. Դեկտեմբերի 11ին սկսուեց հայ-վրացական պատերազմը: Մինչեւ Դեկտեմբերի վերջը վրացական բանակը պարտութիւններ էր կրում ու նահանջում: Դեկտեմբերի 26ի դրութեամբ հայկական բանակը որպէս ռազմավար էր վերցրել 400 վագոն, 25 շոգեքարշ, 39 գնդացիր եւ 3 զրահագնացք: Դեկտեմբերի 31ին վրացական բանակի նոր անյաջողութիւններից յետոյ Թիֆլիսի համար վտանգ ստեղծուեց: Անմիջապէս Անգլիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների միջնորդութեամբ հայերի եւ վրացիների միջեւ կնքուեց զինադադար:

Արդէն 1920թ. Յունուարին հանրապետութեան բանակի թուաքանակը հասնում էր 25, 000ի, իսկ աշնանը՝ թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի:

Բանակը սկզբից եւեթ հիմնականում զինուած է եղել ռուսական բանակի հիմնական սպառազինութեամբ:

sbarazinutyun1Շարքային զինուորի հիմնական զէնքը հանդիսացել է ռուսական երեքգծանի՝ 7.62 մմ.ոց  «Մոսին-Նագան» հրացանը (7.62 ճ54 R մմ.անոց փամփուշտներ), որոշ սահմանափակ քանակութեամբ կար նաեւ գերմանական, ֆրանսիական եւ այլ տեսակի հրացաններ: Որոշ տուեալներով ռուսական բանակի հեռանալուց յետոյ Հայաստանի Հանրապետութեանը մնացել էր 100,000 երեքգծանի հրացան, մէկ միլիարդ փամփուշտ, 3000 թնդանօթ, 3000 գնդացիր եւ այլն: Այս տուեալները կան անգամ Անդրանիկի յուշերում: Մենք կարծում ենք, որ այս թուերը չեն համապատասխանում իրականութեանը: Ռազմաճակատի քայքայումից յետոյ հեռացող զինուորները երբեմն զէնքերը ոչ միայն չէին թողնում, այլ նաեւ տանում էին մեծ քանակութեամբ: Ռուս-թուրքական ռազմաճակատն անգամ լաւագոյն ժամանակներում չունէր 3000 հրանօթ կամ գնդացիր: Ռուս-թուրքական ռազմաճակատը համարւում էր երկրորդական, եւ բոլոր մատակարարումները անկանոն էին: Կովկասեան բանակի զօրքերը ամենալաւ ժամանակներում անգամ չեն ունեցել նոյնիսկ 1000 հրանօթ: 2000ից քիչ պակաս հրանօթ ունէր Ա. Բրուսիլովի հրամանատարութեան ենթակայ ամբողջ Հարաւ-արեւմտեան ռազմաճակատը 1916թ. իր յայտնի ճեղքման ժամանակ (1916թ. Յունիսի 3ից մինչեւ Օգոստոսի 22ը):

sbarazinutyun8

Նոյնը վերաբերւում է նաեւ հրացանների եւ փամփուշտների թուերին: 1920թ. Յուլիսի 5ին Բաթում հասած նաւը Անգլիայից բերել էր 25,000 միաւոր «Ross Mark 2» կամ «Ross Mark 3» կանադական հրացան, 400 միաւոր «Vickers» գնդացիր եւ մօտ 58,000,000 փամփուշտ այս զէնքերի կիրառման համար, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ պարէն, հագուստ եւ այլն:

Յաճախ զէնքերի անունները եւ այլ տեխնիկական մանրամասներ սխալ են նշւում: Կանադական վերը նշուած հրացանները հայկական աղբիւրներում երբեմն սխալմամբ անուանում են «բոշ»: Ձեռքի գնդացիրները ամերիկեան «Lewis» մոդելներն էին:

Կանադական հրացանների մարտական յատկութիւնների մասին հայկական աղբիւրները հիմնականում բացասական են նշում: Մեր զինուորականներն ու ղեկավարները դրանք համարում են ծանր, անյարմար եւ անպիտան: Զէնքը ճիշդ է օգտագործում էր 7.7x56R մմ.անոց (.303 British) հիանալի փամփուշտները, որոնք կիրառւում էին նաեւ այլ զէնքերի վրայ, սակայն զէնքերը իրականում խնդիրներ ունէին: Կանադական զօրքերն Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին հաճոյքով հրաժարւում էին սրանցից եւ անցնում նոյն փամփուշտը կիրառող անգլիական «Lee-Enfield» հրացանին: Քանի որ ամենայն հաւանականութեամբ այս զէնքը եւ զինամթերքը բերուել էր ոչ թէ հէնց գործարաններից, այլ նախկին ռազմաճակատներից, կարող էին լինել ոչ լաւ վիճակում: Այնպէս որ այս հրացանների Հայաստան ուղարկումն անգլիական հրամանատարութեան կողմից զէնքերից ձերբազատուելու մի քայլ էր նաեւ:

10,000 միաւոր հնացած «Gras» ֆրանսիական հրացան եւ 4,000,000 փամփուշտ Հայաստանին փոխանցեց Յունաստանը: Դրանք արդէն հնացած զէնքեր էին համարւում: Ռուսական սպիտակ գվարդիական շարժման առաջնորդներ գեներալներ՝ Ա. Դենիկինը եւ Պ. Վրանգելը տրամադրել էին երեքգծանի հրացանի 3 մլն. փամփուշտ եւ հրետանային արկեր: Տրամադրուած զէնքերից որոշ քանակութիւն փոխադրման դիմաց մենք ստիպուած էինք թողնել Վրաստանին: Ինչպէս պարզւում է այդ հարկը երբեմն կազմում էր աւելի քան 27 տոկոս: 1919թ. Հայաստանի կառավարութիւնը դիմել էր ֆրանսիական կողմին 10,000 միաւոր «Lebel 1886/93» հրացանների գնման համար, որը նրանք շատ թանկ էին վաճառում: 1920թ. ամռանը ֆրանսիացիներն ամէն կերպ ցանկանում էին Հայաստանին վաճառել «Lebel» հրացանների մեծ, հաւանաբար այլ խմբաքանակ: Տարբեր տեղեկութիւններով կառավարութիւնը ուզում էր հաւաքել ֆրանսիական այս հրացանները: Եղել են ՆԳի նախարարի հրամաններ, որպէսզի բնակչութիւնը որոշակի գումարի դիմաց յանձնի այդ ֆրանսիական հրացանները: Տարբեր տեղերում նշւում է, որ այս հրացանը արդէն հնացած էր, ինչը այնքան էլ չի համապատասխանում իրականութեանը: Ֆրանսիական «Lebel 1886/93» հրացանը ռուսական հիմնական հրացանին զիջում էր հիմնականում միայն փամփուշտների լիցքաւորման համակարգով, որը բարդացնում էր դրանց կիրառութիւնը արագընթաց մարտերի ժամանակ: Միեւնոյն ժամանակ այն իր ժամանակի շատ հրացանների գերազանցում էր դիպուկ կրակով եւ դիմացկունութեամբ:

sbarazinutyun9Հայկական բանակը գրեթէ միշտ ունեցել է գնդացիրների պակաս, սակայն խնդիրը ոչ միայն դրանց քանակի մէջ էր, այլ նաեւ փամփուշտների: Հայկական բանակում կիրառւում էին ռուսական «Ma-xim»ներ, սահմանափակ քանակութեամբ անգլիական «Vickers», ամերիկեան «Lewis» եւ «Colt Browning M1895» գնդացիրներ: Շատ էր սիրուած յատկապէս «Lewis»ը, որը կիրառման համար ամենայարմարն էր:

Փաստօրէն բանակը կիրառում էր մի քանի տեսակի գնդացիրներ, եւ դրանց համար տարատեսակ փամփուշտների հայթայթումը մեծ խնդիր էր: Հետաքրքիր է ներկայացնել, որ դեռ հայկական առանձին գումարտակների ժամանակ մօտաւորապէս 800-1000 զինուորներին, որոնք կազմում էին մօտաւորապէս մէկ գումարտակ, բաժին էր հասնում մինչեւ 4 գնդացիր, այն էլ փամփուշտների համեմատաբար լաւ մատակարարումների պայմաններում: 1918թ. Մարտի 31ի տուեալներով հայկական բանակային կորպուսի սպառազինութեան մէջ կար 170 գնդացիր եւ ընդամէնը 36 հրանօթ (20000/170=117): Նոյնիսկ 1919թ. Մարտի դրութեամբ Դրոյի ենթակայութեան տակ եղած աւելի քան 1400 հոգանոց զօրախումբն ունէր ընդամէնը 2 գնդացիր: Գնդացիրների մասով ստացւում է շատ անկանոն պատկեր, հիմնականում դրանք աղէտալի քիչ են եղել:

Հայկական բանակի սպայական եւ զինուորական կազմի որոշ մասը զինուած էր նաեւ ռուսական բանակի հիմնական «Nagant» թմբկաւոր ատրճանակներով (7.62 ճ38 մմ. փամփուշտով): Սակայն բոլորի կողմից առանձնայատուկ սէր էր վայելում մեծ տարածում գտած «Mauser-96» ուղիղ փամ-փշտատուփով ատրճանակը (7.63 ճ25 մմ. փամփուշտով), այսպէս կոչուած տասանոցը: Նման զէնքերով զինուած ջոկատները յաջողութեամբ էին գործում դիւերսիոն գործողութիւնների ժամանակ: Նախ նման զէնքերով զինւում էին հիմնականում հեծելազօրի զինուորները, քանի որ նրանք հասկանալի պատճառներով հիմնականում չէին տիրապետում սրագրոհին: Չնայած նրան, որ Հայաստանում լայն տարածում ունէին տարբեր սառը զինատեսակները, դրանցով զինուած եւ դրանց կանոնաւոր կիրառման համար նախապատրաստական ժամանակ չկար: Ըստ ուսումնասիրող Զօրիկ Ծատուրեանի հայկական բանակում այդ ժամանակ եղել են հետեւեալ սառը զինատեսակները.

– 1881թ. նմուշի դրագունական թրասուսեր (ռուս. ),

– 1904թ. նմուշի կովկասեան կազակական զօրքերի թրասուսեր,

– 1913թ. նմուշի կովկասեան կազակական զօրքերի սպայական թրասուսեր,

– 1913թ. նմուշի հետեւակային զօրքերի սպայական կորսուր(ռուս.),

– 1907թ. նմուշի «Բեբուտ» դաշոյն,

– 1904թ. նմուշի կազակական զօրքերի դաշոյն:

Ըստ Զ. Ծատուրեանի, ռուսական բանակի սպառազինութեան մէջ կային նաեւ կովկասեան վարպետների կողմից պատրաստուած սառը զէնքի տեսակներ: Այդ էր պատճառը, որ հայկական թէ՛ աշխարհազօրային ջոկատներում եւ թէ կանոնաւոր ստորաբաժանումներում յաճախ օգտագործւում էին նաեւ կովկասեան վարպետների կողմից պատրաստուած ամենատարբեր թրասուսերներ, կոր սրեր եւ դաշոյններ:

Ինչպէս տեսնում ենք հայկական բանակը հիմնական հրաձգային զէնքերի առումով զինուած էր բազմազան տեսակներով, ինչն այնքան էլ լաւ նախապայման չէր բանակի համալրման համար եւ լրացուցիչ խնդիրներ էր ստեղծում:

Հայկական կորպուսի հրետանին կազմաւորուած էր հրետանային 2 բրիգադից, 4 առանձին դիւիզիոններից եւ առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամբ մօտ 100 հրանօթ, որոնցից սոսկ կէսն էր պահպանուել պատերազմից յետոյ:  Վրաստանի դէմ պատերազմում հայկական բանակը բռնագրաւեց 17 հրանօթ, որից 2ը՝ հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր եւ այլ գոյք: Սա հնարաւորութիւն տուեց իսկոյն եւեթ ձեւաւորել 2 մարտկոց թեթեւ ու լեռնային: Բացի այդ մեր բանակը համալրուեց նոր զրահագնացքներով: Ընդհանրապէս զրահագնացքների թեման բաւականին հետաքրքիր է: Ոչ մի փաստաթղթում հնարաւորութիւն չի լինում գտնել հայկական բանակի զրահագնացքների ստոյգ թիւը: Դրանց նախնական քանակը, վրացական բանակից վերցուածների հետ միասին ինչքան են կազմել, ինչպէս են գործածուել եւ այլն: Դրանք բաւականին կարեւոր միջոցներ էին այդ ժամանակ, հիմնականում նախատեսուած էին երկաթուղագծերի մօտ գտնուող կարեւոր նշանակութեան օբյեկտների պաշտպանութեան եւ համազօրային միւս զօրատեսակներին կրակային աջակցութիւն ցուցաբերելու համար: Շատ յաճախ կիրառւում էին ապստամբած այս կամ այն շրջանների դէմ պայքարի համար: Այս զրահագնացքները բաղկացած էին զրահապատ շոգեքարշից, մէկ կամ երկու զրահահարթակներից եւ մինչեւ չորս զրահապատ պահեստավագոններից: Զրահահարթակների վրայ տեղակայուած էին թեթեւ հրանօթներ եւ մի քանի գնդացիրներ:

Կարսում եւս թուրքական զօրքերը թողել էին որոշ քանակութեամբ կիսաթալանած կամ կիսաոչնչացուած հրետանային գոյք՝ հրանօթներ, զինամթերք, վառօդ եւ այլն: 1919թ. վերջին բանակի հրետանին ունէր 130-140 հրանօթ, որոնցից 63ը (15 մարտկոց) տրուած էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ունէր 64 հրանօթ եւ 2 զրահագնացք՝ 4 հրանօթով: Յատուկ նշենք, որ 1914-1916թթ. Կարսի ամրոցում եղել է մօտ 90 հրանօթ, հաուբից եւ հրասանդ՝ 5 հրետանային գումարտակ (դիւիզիոն): Այս թուից 29 հաուբից եւ 16 հրասանդ օգտագործուել են 1915թ. Նոյեմբերին եւ 1916թ. Փետրուարին Էրզրումի գրաւման ժամանակ: Դրանից յետոյ հրանօթները մնացել են Էրզրումում եւ չեն վերադարձուել: Կարսում եղած հրանօթների քանակութիւնից աւելի քան 60ը, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ մարտապաշար եւ այլ գոյք, անգլիացիները իրենց հետ տարան, ինչի կապակցութեամբ եղան բողոքներ, սակայն ապարդիւն: 1919թ. Յուլիսի 16ին Հայաստանում Ադրբեջանի ռազմական ներկայացուցիչը գաղտնի հեռագրով իր ղեկավարութեանը հաղորդում էր, որ հայկական բանակում կայ 12 հրետանային մարտկոց 4ական հրանօթներով:

1919թ. յետոյ քանակը շատ չէր աճել: Հրետանու սպառազինութիւնը հիմնականում կազմում էին երեք դիույմանոց՝ 76.2 մմ.անոց թեթեւ (1900թ. նմուշ), լեռնային հրանօթները (1909թ. նմուշ, ֆրանսիական «Danglise-Schneider» ընկերութեան հրանօթը), ինչպէս նաեւ հինգ դիույմանոց՝ 122 մմ. (1909/10թ. նմուշ) հաուբիցները: Եղել են նաեւ այլ տեսակներ՝ 76, 107, 152 մմ.անոց 1880 ականների եւ համեմատաբար հրետանային միջոցներ, սակայն քանակով քիչ: Կան նաեւ չապացուցուած տեղեկութիւններ այն մասին, որ հայկական բանակում եղել են նաեւ 8 դիույմանոց՝ 203.2 մմ.անոց հրանօթներ: Մենք կարծում ենք, որ սրանք հիմնականում կարող էին լինել միայն Կարսի ամրոցում, այն էլ սահմանափակ քանակով եւ հաւանաբար անպիտան վիճակում:

Ներկայացուածը լաւագոյնս ցոյց է տալիս, որ Հայաստանի Հանրապետութեան բանակը չէր կարող ունենալ լաւ հրետանային միջոցներ.

  1. Հիմնականում երկրորդական համարուող կովկասեան բանակում հրետանու գործը աւելի վատ էր, քան եւրոպական ճակատում:
  2. Ամրոցների հրետանին առհասարակ, ինչպէս նշուեց, վատ վիճակում էր:
  3. Հայկական բանակում գրեթէ իսպառ բացակայում էր ծանր հրետանին:
  4. Դաշնակիցներից չի ստացուել հրետանու համար շօշափելի օգնութիւն:

1920թ. Մեծ Բրիտանիայից Հայաստանին է փոխանցուել 44 հին հրանօթ:

Ռուսական հրամանատարութեան կողմից հայկական կորպուսի տնօրինութեանն էր յանձնուած 2րդ, այլ տուեալներով 3րդ Կովկասեան աւիաջոկատը, որը եւ դարձաւ հայկական բանակի օդուժի հիմքը: Հայկական բանակի աւիաջոկատի հիմնադրման ամսաթիւ է համարւում 1918թ. Օգոստոսի 15ը: Աւիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը, որին 1919թ. սկզբներին փոխարինեց յետագայում լաւ յայտնի Արթուր Վասիլի Ղուլեան-Ռիլսկին (երբեմն նշւում է նաեւ Գուլեան): Սկզբնապէս հայկական միակ աւիաջոկատն ունէր երեք  ինքնաթիռ, երեքն էլ տարբեր մակնիշների՝ «Nieuport», «Morane-Saulnier L» եւ «Voisin III» կամ «Voisin V»:

Պահեստամասեր չկային եւ թռիչքներ գրեթէ չէին կատարւում: Քամին պոկել էր անգարի կտուրը, որի հետեւանքով ջախջախուեցին ինքնաթիռներից երկուսը: «Voisin III»ը մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նոյնպէս շարքից դուրս եկաւ Ալեքսանդրապոլում, վառօդի պահեստի պայթիւնի ժամանակ: Այսպիսով, աւիաջոկատը փաստօրէն դադարեց գոյութիւն ունենալ: Սա նշանակում է, որ աւիաջոկատի փոխանցումից յետոյ հայ աւիատորները վերանորոգել էին այդ ինքնաթիռները եւ փորձել կիրառել: 1919թ. Փետրուարի 28ի թուագրմամբ կայ մէկ հետաքրքիր զեկուցագիր, որը ռազմական նախարարն ուղարկել է նախարարների խորհրդին: Զեկոյցում մասնաւորապէս նշուած է, որ տուեալ դրութեամբ օդուժում կայ ընդամէնը մէկ գործող օդանաւ եւ մի քանի ամսից երկու կոտրուածից կարելի է հաւաքել մէկը: Բոլոր սարքերը հնացած են եւ մաշուած: æոկատի կազմն է՝ 5 օդաչու, 1 դիտորդ-օդաչու, 1 մեխանիկ-հրահանգիչ, 3 շարժիչագործ, 6 շարժիչագործի օգնական, 2 վարորդ, 2 վարորդի օգնական, 10 վարպետ: Ելնելով այս ամէնից նախարարն առաջարկում է կազմալուծել ջոկատը, իսկ որոշ ծառայողների գործուղել Ֆրանսիա՝ սովորելու եւ նոր սարքերի ձեռքբերման համար: Ուսումը կը տեւի 1-2 տարի եւ դրանից յետոյ ձեռք կը բերուեն ժամանակակից սարքեր: Նախարարը զեկուցում է նաեւ, որ ֆրանսիացի կապիտան Ա. Պուադեբարուն կարծում է, որ աւիաջոկատը, այնուամենայնիւ, հարկաւոր է սահմանի պահպանման համար: Վերջում նախարարը խնդրում է թոյլ տալ, այնուամենայնիւ, ուսման համար գործուղել 5-6 սպայ եւ 15-18 զինուոր, իսկ Ֆրանսիայից գնել ինքնաթիռներ եւ սարքաւորումներ:

Կարսի ազատագրումից յետոյ՝ 1919թ. Մարտից փաստօրէն սկսուեց նոր ջոկատի կազմաւորումը: Կարգի բերուեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծուեցին ինքնաթիռների նորոգման ու հաւաքման արհեստանոցներ: Սկսուեց նոր ինքնաթիռների սարքաւորումը: 1919թ. վերջին հաւաքուեցին երեք «Morane-Saulnier L», երեք «Voisin» եւ մէկ «Nieuport», որոնց վերջնական շահագործման համար, սակայն դեռեւս անհրաժեշտ էր ձեռք բերել թեւերի համապատասխան երեսպատման նիւթեր եւ Հայկական աւիաջոկատը կ՛ունենայ 7-8 թռչող սարք: Աւելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերուեցին երկու «Salmson 2 A2» ինքնաթիռներ, որոնք տուեալ ժամանակի համար թռիչքային մեծ արագութիւն ունէին՝ 200 կմ/ժ եւ նախատեսուած էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի նաեւ ռմբակոծում իրականացնելու համար:

1920թ. տարբեր երկրներից Հայաստան էին ժամանում նաեւ աւիացիայի ոլորտի տարբեր մասնագէտներ: Հայաստանն Անգլիայից գնել էր որոշ քանակութեամբ ինքնաթիռներ, որոնք, սակայն 1920թ. սկզբից կանգնած էին Բաթումում եւ Հայաստան չէին փոխադրւում: Առաջին հայ օդաչուներից էին նաեւ Ռուբէն Բաբայեանը, Նիկոլայ Խորոզովը: Վերը նշուած երկու ֆրանսիական ինքնաթիռները Բաթումից Հայաստան են ուղարկուել 1920թ. Յունիսի 16ին գնացքի համապատասխան՝ 303532 եւ 804592 վագոններով, դրանք ուղեկցում էր Ղուլեան-Ռիլսկին:

Ընդհանուր առմամբ, հայկական ռազմական ինքնաթիռների քանակը հասել է մինչեւ 12ի, դրանք 1920թ. թուրք-հայկական պատերազմում կատարել են շուրջ 30 ռմբանետում: Կարսի անկման օրերին աւիաջոկատում փաստօրէն դեռ կար երկու ինքնաթիռ, որից մէկն էր միայն գործում: Այդ մասին բաւականին ցայտուն մանրամասնում է Կարսի օդանաւային ջոկատի զինուոր, ապագայ մեծ խորհրդային աւիակոնստրուկտոր Արամ Ռաֆայէլեանցը: Նա նշում է, որ 1920թ. Հոկտեմբերի 30ին ժամը 12ի կողմ Կարսի անկման անխուսափելիութեան պայմաններում նրանք աւիաջոկատից օդ բարձրացրեցին միակ սարքին ինքնաթիռը: Օդաչուներն էին ծանօթ կապիտան Ղուլեանը եւ պորուչիկ (սպա-Խմբ.) Խորոզովը: Այդ սարքն օդ բարձրանալով նախ փորձեց իր գնդացրային կրակով օգնել հայկական զօրքերին, իսկ հետ ուղեւորուեց դէպի Երեւան: Միւս սարքը նրանք փորձել են տանել երկաթգծի կայարան եւ տեղափոխել Ալեքսանդրապոլ, սակայն չի ստացուել: Նշուածից կարելի է կատարել որոշակի եզրակացութիւններ: Ինչպէս տեսնում ենք Ֆրանսիայից բերուած ինքնաթիռների հետ միասին ջոկատը պիտի ունենար արդէն մօտ 9-10 ինքնաթիռ, իսկ Ա. Ռաֆայէլեանցը յայտնում է, որ Հոկտեմբերի 30ին Կարսում եղել են երկու ինքնաթիռ՝ մէկը սարքին, միւսը անսարք: Եթէ հաշուի առնենք, որ մեր ունեցած տեղեկութեան մինչեւ Հոկտեմբերի 20ն ինքնաթիռներն ակտիւօրէն վերանորոգւում էին, նշանակում է նաեւ ակտիւօրէն կիրառուել են: Սովորաբար այս ժամանակի համար առաջին մարտական խնդիրը համարւում էր հետախուզութիւնը, որի համար էլ, հաւանաբար, ակտիւօրէն կիրառուել են սարքերը: Մօտ 30 ռմբանետմանը կարող էր բաժին հասնել մինչեւ եռակի-քառակի անգամ մարտական թռիչքներ հետախուզութեան համար: Կարելի է եզրակացնել նաեւ, որ, հաւանաբար, սարքերից որոշ քանակութիւն եղել է նաեւ Ալեքսանդրապոլում եւ Հոկտեմբերի 30ի դրութեամբ ռազմաճակատին մօտիկ եղել են ոչ բոլոր սարքերը: Սա բնական էր հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ալեքսանդրապոլում օդանաւակայան կար եւ գեներալ Մ. Սիլիկեանի շտաբն էլ այստեղ էր: Ռազմաճակատի հրամանատարը հետախուզութեան համար կարող էր ուղարկել իր ուղղակի ենթակայութեան տակ եղած ինքնաթիռը: Պատերազմական իրադրութիւնում երբեմն ինքնաթիռներն օգտագործւում էին նաեւ կապի ապահովման համար:

1918թ. Օգոստոսին ձեւաւորուեց ռադիօհեռագրական բաժանմունքը: Գտնուեց 2 ռադիօկայան՝ մէկը Քանաքեռի հրետանային պահեստում, միւսը՝ Բաշ-Ապարանում: 1919թ. Սեպտեմբերին ռադիօբաժանմունքը վերափոխուեց ռադիօդիւիզիոնի՝ աւտոմոբիլային, դաշտային եւ 2 փոքր ռադիօկայաններով: Բացի այդ, դաշտային ռադիօկայանի առանձին մասերից սարքաւորուեց ժամանակաւոր բազիսային ռադիօկայան: Երեւանի տեխնիկական ընկերութիւնը սարքաւորեց եւ ռազմական գերատեսչութեանը յանձնեց հզօր ռադիօկայան: Ռադիօհեռագրական ծառայութեան համար մասնագէտներ պատրաստելու նպատակով, դիւիզիոնին առընթեր բացուեց յատուկ դպրոց:

Սեւանայ լճի նաւատորմիկը կազմաւորուեց 1919թ. Մայիսին: Կազմաւորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալութեան սպայ Սերգէյ Թումանեանը: Նաւատորմիկի բազան սարքաւորուեց Ելենովկա գիւղում (այժմեան Սեւան քաղաքում): Հիմնուեց նաւահանգստային դարբնոց, փականագործական եւ ատաղձագործական արհեստանոցներ: Կառուցուեց «Աշոտ Երկա»չ ռազմաբեռնատար երկկայմ առագաստանաւը, որի տարողութիւնը 1000 փութ էր, զինուած է մէկ թնդանօթով, երկու գնդացիրով եւ ունէր լուսարձակ: Նաւատորմիկը կոչուած էր զօրք եւ ռազմական բնոյթի բեռներ փոխադրելու համար: Բացի «Աշոտ Երկա»չ ռազմանաւից, նաւատորմիկն ունէր նաեւ մի քանի շարժիչային թիանաւ, իսկ 1920թ. Սեպտեմբերին Շահթախթից Սեւանայ լիճ փոխադրուեց ռուսական նաւատորմի «Սեստրիցա Նիւշա» նաւը, որը Հայաստան էր բերուել դեռեւս Առաջին Աշխարհամարտի տարիներին՝ Վանայ լիճ փոխադրելու համար: Այն վերանուանուեց «Գեղանուշ»:

Հայաստանի անկախութեան հռչակման շրջանում զօրքի մատակարարման աղբիւրներն իսպառ բացակայում էին: Հարկ եղաւ զօրքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցուել էր վրացիներին: Հաղորդակցութիւնն իրականացւում էր թուրքերի թոյլատուութեամբ, շաբաթը 1-2 անգամ՝ Ալեքսանդրապոլով, ընդ որում՝ կառավարութեան տնօրինութեան տակ կային 3-4 շոգեքարշ եւ 2 ապրանքատար գնացք: Բացի այդ, թուրքերն արգելում էին որեւէ ռազմական գոյք անցկացնելը:

Դեկտեմբերին սկսուած հայ-վրացական պատերազմի հետեւանքով հաղորդակցութիւնն արգելակուեց մինչեւ 1919թ. Մարտ ամիսը: Ընդ որում, այդ հակամարտութեան ընթացքում ռազմական գոյքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրաւուեց վրացիների կողմից: Ահա այսպիսի անելանելի պայմաններում էր կազմաւորւում հայկական բանակը: Միաժամանակ աշխատանք էր տարւում զօրքի համար անհրաժեշտ գոյքի արտադրութեան համար: Սկսած 1919թ. գարնանից, երկրի տնտեսական կեանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրութիւնը սկսեց իրականացուել աւելի մեծ չափերով: Սպառազինութեան պակասը լրացւում էր համբարակային վարչութեանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշուին: Երեւանի եւ Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր եւ այլ պայթուցիկ նիւթեր, փամփուշտներ, իսկ Ալեքսանդրապոլի եւ Կարսի կարի արհեստանոցները՝ ռազմական հան-դերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ եւ այլն:

1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ բնականաբար սպառազինութիւնը ունեցել է առանցքային նշանակութիւն: Ինչպէս նշեցինք, այո Անգլիայից եկած հրացանները ունէին որոշակի խնդիրներ, սակայն դրանք չէին կարող որոշիչ լինել, եթէ պատերազմը վարուէր ինչպէս հարկն էր: 1870-1871թթ. ֆրանս-պրուսական պատերազմում պրուսական բանակը ֆրանսիական բանակի նկատմամբ փայլուն յաղթանակ տարաւ: Տաղանդաւոր եւ նուիրեալ զօրավարներին ու պատրաստուած զինուորներին բոլորովին չխանգարեց այն հանգամանքը, որ գերմանական բանակը զինուած էր աւելի հին եւ ֆրանսիական բանակի հիմնական «Chassepot» հրացաններին զիջող «Dreyse» հրացաններով: Բացի այդ, հայկական բանակում անգլիական հրացանները դեռ հիմնական չէին, իսկ եթէ զինուորները դրանցից օգտուելու կարգը դեռ չգիտէին, դա արդէն հրամանատարների մեղքն է:

Ամփոփելով՝ փաստենք, որ հայկական բանակը 1918-1920թթ. զինուած էր իր ժամանակի համար բաւականին արդիական զէնքերով, սակայն, այնուամենայնիւ, կային որոշ խնդիրներ: Մասնաւորապէս՝ սակաւ էր գնդացիրների եւ հրետանային միջոցների քանակը, ընդ որում սակաւ էր ոչ թէ հակառակորդի հետ համեմատած, այլ նուազագոյն պահանջների համար, ստորաբաժանումների խնդիրների լուծման համար: Յատկապէս ծանր էր թէկուզ եղած քանակի զէնքերի համար զինամթերքի մատակարարման գործում: Սպառազինութեան համար որպէս թերութիւն կարելի է համարել նաեւ որոշակի բազմազանութիւնը: Նորանկախ երկրի համար լրացուցիչ ջանքեր էր պահանջում այդ զէնքերի զինամթերքի մատակարարման, զէնքերի սպասարկման եւ դրանց օգտագործման հմտութիւնների իւրացման լրացուցիչ խնդիրները: Ընդհանրացնելով այս ամէնը՝ պէտք է փաստենք, որ բանակի սպառազինութիւնը երկուսուկէսամեայ մշտական ռազմական գործողութիւնների համար, եթէ անգամ գերազանց չէր, ապա բաւարար էր: 1920թ. թուրք-հայկական պատերազմում ցաւալի պարտութիւնը սպառազինութեան հետ ոչ մի կապ ունէր:

 

ԱՐԾՐՈՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ռազմական Փորձագէտ, ՊՆ Մամուլի Քարտուղար


 

Այս Էջը Կը Հովանաւորեն

 

ԼՈՒԴՈՎԻԳԱ ԵՒ ՏՈՔԹ. ՅԱԿՈԲ ԱՅՆԹԱՊԼԵԱՆ

 

ՄԱՅՔԸԼ ԵՒ ՍԱԼԲԻ ՀԱՑՊԱՆԵԱՆ

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles