Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Սիրելի Լիսկան

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Սիւնիքի մարզպետ Սուրէն Խաչատրեանը, որը յայտնի է նաեւ Լիսկա կամ Լիցկա մականունով, իր քաղաքական գործունէութեան երկու տասնամեակների ընթացքում մշտապէս յայտնուել է սկանդալների ու քրէական պատմութիւնների կիզակէտում, սակայն ամէն անգամ կարողացել է «մաքուր» դուրս գալ:
Կը կարողանա՞յ այս անգամ եւս յաջողել՝ կախուած է առաջին հերթին Սերժ Սարգսեանի տրամադրութիւնից եւ հումանիզմից (մարդասիրութենէն-Խմբ.): Բոլորովին վերջերս՝ Մայիսի 9ի առիթով, Սիւնիքի մարզպետը Սերժ Սարգսեանի կողմից արժանացել էր «Մարտական խա»չ երկրորդ աստիճանի շքանշանի:
Ընդհանրապէս, երբ կարդում ես Սուրէն Խաչատրեանի կենսագրութիւնը, որը դրուած է իշխող Հանրապետական կուսակցութեան կայքում , թւում է՝ գործ ունես ուսեալ, ինտելեկտուալ (մտաւորական-Խմբ.) ու առաքինի գործիչի հետ: Խաչատրեանը Հայաստանի զինուած ուժերի գնդապետ է: Պարգեւատրուել է «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամեան», «Մայրական երախտագիտութիւն», «Մարտական ծառայութիւն» մեդալներով, «Մարտական խաչ 2րդ աստիճանի» եւ «Սպարապետ Վազգէն Սարգսեան» շքանշաններով:
Այս անունները լսելով ինչպէ՞ս,  ի՞նչ բարոյական իրաւունքով կարող է Սերժ Սարգսեանը պատժել իր սիրելի մարզպետին: Ե՛ւ հանրապետական է, ե՛ւ նուիրեալ նժդեհական, ե՛ւ ընտրութիւնների ժամանակ ամենալաւ ձայներ բերողն է:
Սուրէն Խաչատրեանը ծնուել է 1956թ., Օգոստոսի 1ին կը դառնայ 57 տարեկան: 1991-1995 թուականներին նա սովորել է  Գորիսի «Սիւնիք» ինստիտուտի «Արտադրութեան էկոնոմիկա եւ կառավարում» ֆակուլտետում՝ ստանալով տնտեսագէտ-մենեջերի որակաւորում: Գրեթէ նոյն՝ ուսանողական  տարիներին, երբ նա 35-36 տարեկան էր, եղել է Գորիսի կամաւորական թիւ 3 գումարտակի հրամանատար (1992-1994):
Պատերազմի աւարտից յետոյ ստացել է իր աւարը՝ դառնալով Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1ին տեղակալ, այսինքն՝ փոխքաղաքապետ (1994-1996): Ապա դարձել է Գորիսի քաղաքապետ (1996-1999): Խաչատրեանը 1999-2004թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր, իսկ 2004թ. Մարտին այն ժամանակուայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը նրան նշանակել է Սիւնիքի մարզպետ: Այդ պաշտօնը նա զբաղեցնում է արդէն 10րդ տարի:
Ըստ պաշտօնական կենսագրականի՝ Սուրէն Խաչատրեանը 2000-2003թթ. սովորել է Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» ֆակուլտետում՝ ստանալով պետական ծառայողի որակաւորում:
Վերջերս մի հարցազրոյցում Սիւնիքի մարզպետը ասել էր, որ ժամանակը բաւարարում է, որպէսզի գիշերները զբաղուի հայոց պատմութեան հարցերով: Անգամ գիրք է գրել: Նա ասել էր, որ իր հետաքրքրութեան թեման 1918-1921թթ. Սիւնիքի պատմութիւնն է եւ արդէն պաշտպանել է թեկնածուական: Սակայն ֆրանսահայ լրագրող Սեդա Մաւեանը բացայայտել էր, որ մարզպետը փորձել էր պաշտպանել թեկնածուական 2009թ., սակայն երկու տարի անց հետ էր վերցրել իր գործը՝ «Սիւնիքի անկախութեան հռչակման գործընթացքը 1918-21թթ»:
Նոյն այդ հարցազրոյցում նա սպառնացել էր. «Հէնց ժողովրդի մօտ Րաֆֆիի Յովհաննիսեան գլուխը կը ջարդեմ: Հասկացա՞ր, ինչ եմ ասում, Սեդա (ծիծաղ): Ո՞նց, չես ճանաչո՞ւմ ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կը ջարդեմ օձի գլխի պէս»:
Դրանք այն օրերն էին, երբ նախագահական կեղծուած ընտրութիւններից յետոյ Րաֆֆի Յովհաննիսեանը շրջում էր Հայաստանում, իսկ Կապանում՝ ճիշդ մարզպետարանի դիմաց, հազարաւոր մարդկանց ներկայութեամբ Սուրէն Խաչատրեանին անուանում «Լիսկա»:
Աւելի վաղ՝ 2011թ., Սիւնիքի մարզպետը Երեւանի «Մարիոթ» հիւրանոցում ծեծել էր գործարար Սիլվա Համբարձումեանին, որը  համարձակուել էր Խաչատրեանին մեղադրել գողութեան մէջ:
Լիսկան իր դաժանութեան մէջ խտրականութիւն չի դնում՝ լինի կին, տղամարդ, թէ անչափահաս: «Վիկիլիքս»ը ահա թէ ինչպէս է ներկայացնում մէկ այլ սկանդալային պատմութիւն: Խօսքը 2008թ. ապրիլեան դաժան բռնութեան մասին է, երբ նորընտիր Սերժ Սարգսեանի սիրելին ծեծում է 16ամեայ գորիսցի տղայի, որը վիճաբանել էր Լիսկայի որդու հետ, երբ վերջինս իրեն պարկեշտ չէր պահել մի աղջկայ նկատմամբ: Ըստ «Վիկիլիքս»ի՝ երբ տղան ափսոսանք չէր յայտնել կատարուածի առիթով, Լիսկան իր առանձնասենեակում հարուածներ էր հասցրել: Երբ տղայի քթից սկսում է արիւնահոսութիւն, Սերժ Սարգսեանի սիրելի մարզպետը դրսեւորում է մեծագոյն հումանիզմ՝ արիւնահոսող տղային մեկնելով անձեռոցիկը: Սակայն տղան չի վերցնում անձեռոցիկը: Ահա այստեղ աւարտւում է Լիսկայի հումանիզմը, եւ նա սկսում է դաժանաբար ծեծել 16ամեայ տղային: Աւելին, ըստ «Վիկիլիքս»ի՝ Լիսկան կարգադրում է, որ մօտակայ  հիւանդանոցում նրան բուժում չտրամադրեն, եւ տղայի ծնողները որդուն տեղափոխում են Երեւան:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆը լրագրող է, «Սիւիլիթաս» հիմնադրամի փորձագէտ: Նա Ղարաբաղեան հակամարտութեան մասին «Կանաչ ու սեւ. արցախեան օրագիր» եւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքերի հեղինակն է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles