Լուսանկարն արուել է գերմանացի սպաների կողմից 1915/1916 թուականին: Այդ մասին է վկայում լուսանկարի դարձերեսին գերմաներէն մեքենագիր մակագրութիւնը՝ «Հայկական ճամբարը Ռաքքայում»:
Այստեղ յստակ երեւում է հայ բռնագաղթեալների օրհասական վիճակը. կիզիչ արեւի տակ իրենց վերջին ճիգերն ու հնարաւորութիւնները գործադրելով՝ հայ գաղթականները փուռ են պատրաստել ձեռքի տակ եղածն օգտագործելով:
Հիւսիսային Սիրիայում գտնուող Ռաքքան 20րդ դարասկզբին մի աննշան աւան էր՝ բնակեցուած արաբներով ու քոչուոր բեդուիններով:
Մեծ Եղեռնի տարիներին այս բնակավայրը եւ նրա յարակից շրջանները դարձան տասնեակ հազարաւոր հայ գաղթականների վերջին հանգրուաններից մէկը: Մեսքենէի, Ռաս ուլ-Այնի եւ Դեր Զօրի հետ Ռաքքան էլ դարձաւ հայ բռնագաղթեալների ընդհանուր գերեզմանատուն:
1915 թուականին Ռաքքան Հալէպից բաժանուած ինքնուրոյն շրջան էր եւ վարչականօրէն կապուած էր Ուրֆայի մութասարիֆութեան հետ: 1915թ. Յունիսին, Ռաքքայի հայութեան թիւը կազմում էր 30,000, իսկ 1916ի մարդահամարի տուեալներով՝ 4035:
«Իրատէով Րագգա առժամեայ գաղթավայր կ՛որոշուի Հայ տարագրելոց եւ հրաման կ՛ըլլայ մինչեւ 20.000 գաղթական բնակեցնել հոն առժամապէս: Հոն առաջին հասնողները եղած են 1915 Սեպտեմբերին Զառա եւ գիւղերուն՝ Ալաքիլիսի, Քարհատի, Ղարապողազի 120ի չափ գաղթականները Ուրֆայի վրայով՝ բոլորը կնիկմարդ եւ 8-10 պատանիներ»:
ԿԱՐԱՊԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ
Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած
Լուսանկարի աղբիւրը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաւաքածու
– See more at: http://www.genocide-museum.am/arm/11.04.2017-photo100.php#sthash.cGpDOF5k.dpuf