Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

21րդ Դարի Փոփոխութիւնների Պարտադրանքի Տակ…

$
0
0

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

0803abusefian1Աշխարհում ստեղծուած թոհուբոհը, օրէօր աշխարհի տարբեր անկիւններում աւելացող միլիոնաւոր տեղահանուած գաղթականների անորոշ, անմխիթար վիճակը, միջին արեւելքի, Աֆրիկայի անվերջանալի արիւնահեղ պատերազմները, մեր երկրի ներքին բազում խճճուած հարցերն ու անկայուն իրավիճակը, ստիպում է մեզ աւելի լրջօրէն մտածել մեր երկրի ու մեր համասփիւռ ժողովրդի ճակատագրի մասին:

Եղե՞լ է աշխարհը երբեւէ այսքան փոթորկոտ ու անկայուն, այսքան արիւնածարաւ, այսքան վայրագ ու վտանգներով լեցուն: Անշուշտ եղել է եւ շարունակելու է լինել, քանի դեռ մեծ տէրութիւնների ձեռքին խաղալիք են փոքր երկրները, քանի դեռ կողոպտելու հարստութիւններ գոյութիւն ունեն, ուրիշների հաշուին է՛լ աւելի հարստանալու ազատ հնարաւորութիւններ գոյութիւն ունեն, քանի դեռ հզօրներն են տնօրինում աշխարհի քարտէզի ձեւաչափը:

Բռնութիւնը, երկրներ կործանելը, այլ ժողովուրդների ճակատագիրը որոշելը, մինչեւ իսկ նրանց ապրելու իրաւունք բաշխելը, դարձել է մեծ տէրութիւնների նախապատուութիւնը: Վայրագ սպանդները, անմարդկային խոշ-տանգումները, հնադարեան ստեղ-ծագործ հարստութիւնները ոչնչացնելը դարձել են ուժը պանծացնող նոր որակ: Ովքեր ստեղծում են այդ որակը պարտադրում են ժողովուրդներին, սերունդներին, ընդունել ու որդեգրել դրանք: Աշխարհը իր խելայեղ վազքի մէջ, իր չափանիշները կորցրած անհեթեթութեան է մատնուել: Օրէօր փոխւում են պետական, հասարակական, անհատական, որակական, մտային եւ բարոյական չափանիշները:

Դեռ երէկ, աշխարհը դղրդացնող Ամերիկան, այսօր ինքն է ցնցւում պետական կառոյցի ներքին երկրաշարժից, փտածութեան, անօրինութեան, անժողովրդավարութեան նորանոր բացայայտումներից:

Եւրոպան, որ ոտնատակ է գնում միջին արեւելքցիների ու աֆրիկացիների ներխուժմամբ, փորձում է ետ բերել իր դիմագիծը:

Միջին արեւելքի հեքիաթային տեսիլքը վերափոխուել է արիւնալի ցնցոտիների:

Աֆրիկան դարձել է մարդկային անեւրեւակայելի թշուառութեան ճահիճ:

Ի՞նչ է սպասում մարդկութեան եւ այս համատարած անապահովութեան մէջ յատկապէս մեզ՝ հայերիս:

Ի՞նչ ենք անում, դէպի ո՞ւր եւ ինչպէ՞ս ենք գնում, որ այս անորոշ հոսանքում կրկին ոտնակոխ չլինենք: Ինչպէ՞ս գտնենք մեր ուղին:

Մեր երկրի եւ նրա ապագայի համար մտածող իւրաքանչիւր հայի առօրեայ ապրում ու հոգեմաշ որոնում են դարձել այս հարցերը:

Այսօր աշախարհի քաղաքական անկայուն վիճակը գալիս է փաստելու, որ աշխարհը նոր ուղղութեան կարիք ունի:

Պատմութեան ընթացքը հաստատում է, որ իւրաքանչիւր դար իր քաղաքական փոփոխութիւնն է պարտադրում, բնականաբար 21րդ դարը չէր կարող զերծ մնալ այդ փոփոխութիւնից:

Երկար տարիներ ժողովրդավարութեան անուան տակ արեւմուտքի միահեծան հզօրացումը՝ երկրներ կողոպտելն ու կործանելը, բնակչութեանը տեղահանելն ու ճակատագրի քմահաճոյքին յանձնելը այլեւս անընդունելի է դարձել:

Ժողովրդավարութիւնը, նրա ամբողջ քարոզչութիւնը դիմազրկուել, կորցրել է իր իմաստը: Պետական գործիչները այլեւս ժողովրդին տալիք ոչինչ ունեն, բացի կեղծ, սուտ խոստումներից եւ իրենց ընտրապայքարի յաղթանակի համար ամէն հարց քաղաքականացնելուց: Շուտով ժողովրդի շնչելու օդն էլ են քաղաքականացնելու: Ժողովուրդը յոգնել է քաղաքական գործիչներից, սակայն պետական գործիչները այնպիսի ուժով են կառչել իրենց պաշտօններից, որ մերժում են ընդունել իրականութիւնը: Ժողովուրդը թէեւ յոգնած, բայց քաղաքական գործիչների սուտ խոստումներին վարժուած ծոյլ թմբիրի են մատնուած եւ ինչպէս միշտ, պատրաստ չեն իրականութիւնը դիմագրաւելուն: Մարդիկ չեն սիրում հեշտօրէն հրաժարուել նոյնիսկ իրենց մաշող վատթարագոյն հնից, որին արդէն վարժուել են: Երբ ժողովրդին վարժեցնում ես քո սուտին, անվերջ կոծկում իրականութիւնը, նոյնիսկ քօղարկում պատերազմելու քո հիմնական նպատակները, քօղարկում նոյնիսկ այդ պատերազմներում քո տուած զոհերի թիւն ու արդիւնքները, քարոզում միայն ու միայն քո հզօրութեան մասին, ժողովուրդին դարձնում ես քո քարոզչութեան գերին. նա կորցնում է իր ինքնուրոյն մտածելու, հետեւութեան յանգելու կարողութիւնը: Դրա վառ արտայայտութիւնը մեզ ծանօթ է Սովետական կարգերից, որից դեռ լիովին չենք կարողանում թօթափուել:

Պետութեան ներկայացուցիչները ատում են փոփոխութիւնները, քանզի սարսափի մէջ են, որ կորցնելու են իրենց եկամտաբեր պաշտօնները, որն արագօրէն հարստացնում էր իրենց առանց դոյզն իսկ աշխատանքի:

Այսօր Ամերիկայի 230 տարուայ պետական կառոյցը ահաւոր ցնցման մէջ է:

Յայտնուել է մի նոր նախագահ, որը «դրսեցի» է, ոչ պետական ներքին շրջանակից, ոչ քաղաքական գործիչ, ինչպէս սովորաբար լինում է, որը նախագահ է դարձել իր դրամների ընտրապայքարով, մերժելով ըստ ամերիկեան սովորութեան, մեծ դրամատէրերի կողմից ընտրուելու, յետագայում նրանց շահերին ծառայելու, նրանց ձեռքին գործիք դառնալու արդէն ընդունուած փաստը: Նախագահ է ընտրուել մեծահարուստ մէկը, որը ոչ թէ ուզում է ընդունուած պետական «մեքենայի պարզ վարորդը» դառնալ, որ ինչպէս եւ ուր հրամայեն այդ ուղղութեամբ «վարի» պետական մեքենան, ինչպէս նախկին բոլոր նախագահները, այլ ինքն է ուզում «վարե՛լ իր մեքենա՛ն», իր ուղղութեամբ: Իսկ դա նշանակում է դէմ գնալ արդէն ստեղծուած, իր ճանապարհը հարթած եւ յատկապէս աշխարհին պարտադրած ամերիկեան քաղաքական հզօր սիստեմին: Նախագահ, որը ըստ իր յայտարարութեան, գերադասում է Ամերիկեան հզօրութիւնը իր երկրի ժողովրդին ծառայեցնելու, նրանց կենսամակարդակը բարձրացնելու, ոչ թէ աշխարհին իշխելու համար: Իսկ այս ամէնը նշանակում է դէմ գնալ Ամերիկայի շահերին, պետական ողջ կառոյցը յեղաշրջել: Ահա թէ ինչու բոլոր հոսանքներով՝ օրէնսդիր, ընդդիմադիր, մինչեւ իսկ կողմ կուսակցութիւններով, լրատուական բոլոր միջոցներով, ժողովրդին հրահրելով, նրանց ոտքի հանելով, փորձում են թոյլ չտալ որեւէ փոփոխութիւն: Երբ նոյն պետական գործիչները միլիարդներ էին տրամադրում Իրաքի կործանման, Սուրիոյ ամբողջականութիւնը քայքայելու, այն բաժանելու ծրագրի համար, ISIS–ներին զինելու ընդդիմադիր անուան տակ, ոչ մէկ կուսակցութիւն ոտքի հանեց ժողովրդին, ոչ մէկ մասսայական լրատուութիւն իրազեկ պահեց ժողովրդին կատարուող արիւնարբու իրադարձութիւններին:

Ժողովուրդը, աւելի ճիշդ ժողովրդին ցոյցի հրահրողները, հրապարակներում եւ նախագահի նստավայրում երբեք յախուռն ցոյցեր չկազմակերպեցին պատերազմը դադարեցնելու, իրենց զաւակների անիմաստ մահուան, նոյնիսկ նրանց գլխատման համար: Երբեք ցոյցերի չհրահրեցին ժողովրդին վառելանիւթի արժէքը բարձրացնելու, դպրոցներ փակելու, ուսման արժէքները բարձրացնելու, թմրադեղերի տարածման, նախկին նախագահի հրամանով ապօրինի Ամերիկա թափանցածներին ետ իրենց երկիր վերադարձնելու, զէնքի ազատ վաճառքի, ժողովրդի դրամը իւրացնող բանկային կողոպտիչներին պատժելու, կամ այդ նոյն կողոպտիչներին, նախկին նախագահի կողմից միլլիոններ տրամադրելու համար:

Նոյնիսկ մեր համայնքները, ոչ մէկ ցոյց, բողոք կազմակերպեցին մեր եկեղեկցիների դէմ, մեր արիւնակից մահմեդականացած հայերին մերժելու, նրանց չընդունելու համար, սակայն ցոյցի միացան մահմեդականներին երկիր չարտօնելու համար:

Ժողովուրդը անտարբերօրէն, հաւանաբար նաեւ անտեղեակօրէն, (չէ՞ որ ամերիկեան լրատուութիւնը ծառայում է միայն իշխողներին), մինչեւ այսօր էլ պատւում է անհիմն արիւնալի պատերազմների հեղինակ եւ պատերազմների յանցագործներ արտաքին գործոց նախարարներին եւ նախագահներին:

Այո, ժողովուրդները գերադասում են փտած սուտը քաղաքական գործիչների կողմից հրամցուած, որին վարժուել են երկար տարիներ:

Փոփոխութեան մի այլ ալիք է շարժւում Եւրոպայի մէջ: Տնտեսական եւ ազգային աշխարհաքաղաքականացման քարոզչութիւնը ապացուցելով իր սնանկութիւնը իր տեղը սկսում է զիջել տնտեսական կենտրոնացման եւ սուր ազգայնացման:

Աֆրիկայից, Լիբիայից, Միջին Արեւելքից միլիոնաւոր սովամահ եղող գաղթականների ներխուժումը, խաթարել է Եւրոպացիների հանգիստը, փոխել իրենց քաղաքների, փողոցների տեսքն ու կեանքի ռիթմը, իրենց դիմագիծը: Հպարտ Եւրոպան այսօր փորձում է իր ազգայնութիւնը ամբողջական պահելու, աւելի ճիշդ փրկելու, միջին մի ճանապարհ հարթել:

Միլիոնաւոր գաղթականների ներխուժումը Եւրոպա, բոլորովին պատահական չէ: Մօտ երկու դար Եւրոպան անխնայ կոտորում ու տիրում էր այլ երկրների հարստութիւններին առանց դոյզն իսկ հատուցման: Գուցէ՞ եկել է փոխհատուցման պահը:

Եւրոմիութիւնը, որը ստեղծուել էր իբրեւ թէ Եւրոպական երկրները «համատեղելու», ունեցուածքը համահաւասար կիսելու եւ էլ աւելի ամրանալու, իրականում միայն երեք երկրներին՝ Գերմանիային, Անգլիային եւ Ֆրանսիային սնող, սպասարկող, նրանց էլ աւելի հարստացնող միջոց էր դարձել:

Հարստահարուած, սնանկացման մէջ մխրճուած երկրները ելք չեն գտնում դուրս գալու Եւրոպական հովանոցի ծուղակից: Կողոպտուած, դատարկուած, պարտքերի մէջ խրուած, գործազրկութեամբ, գաղթականներով լեցուած անորոշ ճակատագրին են մատնուած: Իսկ արդէն ուռճացած գլխաւոր երեքը, այլեւս կողոպտելու ոչինչ ունենալով, արտաքնապէս լուռ հանդուրժում են իրենց երկիր ներխուժողներին, միաժամանակ փորձելով հեռանալ իրարից պատասխանատուութեան չենթարկուելու համար:

Այս նոյն Եւրոմիութեանը անդամակցելու համար մեռնող Թուրքիան, այսօր ըստ թուրքական սովորութեան յանդգնօրէն մտրակում է նրանց: Գերմանիային հրամայում է իր հետ խօսելու վարուելակերպ սովորել, նրանց անուանում է նացիների ժառանգորդներ, Նիդերլանդներին համարում Ցեղասպաններ եւ դեռ նրանց երկրներում՝ Դանիա, Ֆրանսիա, Հոլանտա, իր իսկ իշխանութեան սահմանադրութեան համար քարոզարշաւ է կազմակերպում: Գուցէ այս անգամ Եւրոպան իրապէս ճանաչի իր մեծ բարեկամ եւ պաշտպան Թուրքիային, որը երբեք չի թաքցնում իր թրքութիւնը: Բայց միթէ՞ սա առաջին անգամն է, որ մտրակահարում է «նրբամի՛տ» Եւրոպացիներին: Բթամիտ սուլթաններից սկսած մինչեւ այսօրուայ նոյնքան բթամիտ իշխողները միշտ էլ Եւրոպայի, նոյնիսկ Ամերիկայի սանձը իրենց ձեռքում են պահել եւ պահում:

Նոյն Եւրոպան աչք փակեց, նոյնիսկ գործակցեց, մեր դէմ գործած Ցեղասպանութեան ժամանակ: Այսօր էլ աչք է փակում քուրդերին ոչնչացնելու, Սուրիական պատերազմը հրահրելու, վարձկաններին զինելու, այդ երկիրը մասնատելու նրա վարած քաղաքականութեան դէմ: Թուրքիան վաղուց է Եւրոպայի ատամները հաշուել, նրանց ծպտուն հանելու դէպքում կը բացայայտի վարագոյրի ետեւոմ իր հետ կատարուող համատեղ գործակցութիւնները նոյն Սիրիայի մասնատման, կամ քուրդերի հարցով: Այո, Թուրքիան գիտի նուաստացնելով եւ նուաստանալով իր ցանկացածին հասնել: Չէ՞ որ դա դարերով վաստակած անուն ունի՝ թուրքական քաղաքականութիւն:

Այսօր լրատուական բոլոր կենտրոնները աւելի զբաղուած են Թրամփի վարկածների յայտարարումով քան Սուրիոյ հոգեմաշ պատերազմի մասին լուրջ տեղեկութիւններ փոխանցելով:

Միլիոնաւոր տեղահանուած, վիրաւոր, անօթի ու ծայրայեղ աղքատութեան մատնուած ժողովրդի եւ երկրի աւերակի վերածուած վիճակը ոչ մէկին չի հետաքրքրում: Աշխարհը միայն խօսում է տեղահանուած եւ Եւրոպա ներխուժող գաղթականների մասին, բայց ոչ մէկը չի քննադատում, չի քննարկում բուն այդ վիճակը ստեղծողների հարցը, չի խօսում պատճառի մասին:

Պատասխանատուութեան չի կանչում պատերազմը հրահրողներին եւ դեռ այն շարունակողներին, չէ՞ որ նրանք՝ աշխարհի հզօրներն են, պատասխանատու այս վիճակի համար: Նոյնիսկ ՄԱԿը եւ ժողովուրդների իրաւունքը պաշտպանող աշխարհի այլ կազմակերպութիւնները դարձել են համր դիտորդներ: Աշխարհը գերադասում է տեղահանուած գաղթականներ, աւերակուած հնադարեան քաղաքներ ունենալ, քան պատերազմը դադարեցնել, քանզի պատերազմի մէջ մեծ գումարներ շահելու հնարաւորութիւններ ունեն պատերազմ վարողները:

Դեռ որքա՞ն պիտի ժողովուրդները խաղալիք դառնան մեծ տէրութիւնների շահերի համար նրանց ձեռքին, անյայտ է, սակայն պարզ է մի բան, որ այս վիճակը չի կարող երկար շարունակուել:

Աշխարհի այս իրարանցում փոփոխութեան մէջ մենք փորձում ենք գաւառական պետական մեր կառոյցով ու մտածողութեամբ, ոստիկանական բիրտ տիրապետմամբ մեր երկիրը ամրապնդել:

Զարմանալի մի զուգադիպութեամբ, մեր հայրենի երկրում էլ Եւրոպականին զուգահեռ, խոր-հրդարանական ընտրութիւնների են պատրաստւում, անշուշտ՝ հայկական ձեւով: Արդեօք այս անգամ կը կարողանա՞յ ժողովուրդը ճիշդ ընտրութիւն անել իրենց թեկնածութիւնը առաջարկող ոչ յուսալի անձանց ընտրութեան մէջ, կամ աւելի յստակ՝ ճշմարիտ ընտրութեան արդիւնք ունենալ:

26 երկար ու ձիգ տարիների կեղծիքն ու բռնութեամբ իշխելու քաղաքականութիւնը այնպիսի թանձր շերտով արմատներ է նետել քաղաքական եւ սոցիալական բոլոր խաւերում, որ անկարելի է առանց մեծ յեղաշրջումի արմատախիլ անել այդ ամէնը: Այդ վարակը քայքայել է ոչ միայն պետական իշխող վերնախաւին, այլ դատական-իրաւական, ուսումնական, առողջապահութեան, հասարակական բոլոր այլ հաստատութիւնները: Իշխող դասակարգը այնքան է իրեն երկրի տէր զգում, որ սանձարձակօրէն, ամէն առիթով բռնութիւն է գործադրում իր երկրի նոյնիսկ խաղաղ քաղաքացիների դէմ, առանց յարգելու նրանց քաղաքացիական իրաւունքները, առանց բացատրութիւն տալու իր վայրագ վարուելակերպին եւ ամենակարեւորը առանց վերադասի կողմից պատժուելու: Բայց ցաւօք այդ վերադասը առաւել բռի եւ տգէտ իր դիրքը օգտագործում է ժողովրդին նսեմացնելու համար: Այս պայմաններում ժողովուրդը անպաշտպան, անապահովութեան է մատնուած:

Բնականաբար, ժողովրդի համբերութիւնն այլեւս սպառուել է, ահա թէ ինչու ամէն առիթով իր դժգոհութեան ալիքն է բարձրացնում, առանց առաջնորդի հրապարակ իջնում, իսկ նախկին յանցագործները, որոնց ժողովուրդը վաղուց պիտի պատասխանատուութեան կանչած, պատ-ժած լինէր, օգտուելով այդ անառաջնորդ պոռթկումից, փորձում են ժողովրդին առաջնորդող ձեւանալ, կրկին իշխանութիւն վերադառնալու համար: Հին գայլերը, մի մասը բացարձակապէս տգէտ, գոնէ հայրենասէր լինէին, որսի հոտ առած քաղաքական ասպարէզ են իջել եւ ինչպէս երեւում է ժողովուրդը ոչ միայն ազատ, այլ նաեւ լայն ընտրութեան միջոց էլ չունի: Ընդամէնը մի բուռ մնացած ժողովուրդը իր ձայնը տալու է կուսակցութիւնների, որոնք այս տարիներին քայքայեցին երկիրը եւ երբեք չբաւարարեցին երկրի եւ ժողովրդի պահանջները:

Ի՞նչ պահանջներ ունեն ընտրողները իրենց թեկնածուներից: Ի՞նչ նոր փոփոխութիւններ, նոր ծրագրեր են պահանջում նրանցից: Ոչ մէկը չի խօսում այդ մասին, միայն քծնանք, իրարանցում ու ծեծկռտուքի ենք ականատես լինում: Սակայն բոլորը իշխանափոխութիւն են պահանջում, մինչեւ իսկ այդ նոյն իշխանութեանը հլու-հնազանդ եւ միակամ ծառայողները:

Կրկին ու կրկին մենք լսում ենք հին յանկերգը, տեսնում նոյն դէմքերը, բնականաբար մի քիչ աւելի ծերացած եւ որպէս նոր դաշինքի մաս կազմած, կամ որպէս նոր քաղաքական ուժ դարձած: Նոյնիսկ երէկուայ յանցագործները իրենց թեկնածութիւնն են առաջարկում եւ նոյն ժողովուրդը, որը երէկ պահանջում էր բացայայտել նրանց գործած յանցանքը, այսօր նոյն եռանդով ծափահարում է նրանց, խոնարհւում նրանց առաջ եւ լսում նրանց: Ես արդէն սկսել եմ մեր ժողովրդին չհասկանալ:

Որքան էլ անիշխանութիւն գոյութիւն ունի մեր երկրում, ոչ ոք չի կարող ժխտել, որ ամենապարզ խօսքի ազատութիւնն է տիրում մեր լրատուութիւնում: Լրագրողները բացայայտում եւ ժողովրդին տեղեկացնում են վերնախաւում եւ ստորադաս մարմիններում կատարուող իրադարձութիւնները: Նոյնիսկ երեխաները անուններով եւ պաշտօններով գիտեն ով ինչ յանցանք է գործում, ով որքան է կողոպտում: Այնպէս, որ ժողովուրդը ամբողջովին, նոյնիսկ աւելիով, տեղեակ է առաջարկուող թեկնածուների գործունէութեանն ու նրանց ձգտումին: Այս համատարած անյուսալի թեկնածուներից ո՞ւմ են ընտրելու…

Այսօրուայ մեր ժողովրդի անբաւարար, բռնկուն վիճակում ամենամտահոգիչն այն է, որ այս ընտրութիւնները կարող են այլ խնդիրների առջեւ կանգնեցնել մեր երկիրը, քանի որ մեծ տէրութիւնները սովորութիւն ունեն այսպիսի առիթները օգտագործելով խառնաշփոթութեան մատնել մեր նման դեռ ինքն իրեն չհաստատած պետութեան, ժողովրդին ապակենտրոնացնել, երկրում տագնապալի վիճակ ստեղծել, ինչպէս նախկին դէպքերում: Չէ՞ որ երկրում դեռ ներկայ են օտար ուժերին ծառայողները:

Մեզ մնում է աւելի խոհեմօրէն եւ աւելի ազգային հեռանկարով մօտենալ հարցերին, որ աշխարհի այս անորոշ վիճակում կրկին ոտնակոխ չլինենք, միշտ յիշելով, որ այսօրուայ ճիշդ քայլը մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագայի յարատեւման համար է: Յիշելով, որ 21 դարի փոփոխութիւնների պարտադրանքի տակ ենք նաեւ մենք, որը ստիպում է մեզ վերջապէս գտնել մեր ուղին:

 

Սան Ֆրանսիսկօ

17 Մարտ, 2017թ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles