Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ամէն Ինչ Գլխիվայր- Բաքուն Խեղաթիւրում Է Կարգաւորման Էութիւնը

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

0711leonid1

Շաբաթուայ սկզբին կայացաւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդեարովի այցը Մոսկուա, որի շրջանակներում, բացի ռուսաստանցի իր գործընկեր Սերգէյ Լաւրովի հետ հանդիպմանը, կայացաւ նաեւ նրա ելոյթը ՌԴ ԱԳՆ դիւանագիտական ակադեմիայում:

Նախեւառաջ, նա նշեց, որ լեռնայինղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքականութեան հիմնական առաջնահերթութիւնը: Չենք վիճի, հնարաւոր է՝ դա այդպէս էլ կայ: Սակայն Մամեդեարովն այնուհետեւ անցաւ տուեալ առաջնահերթութեան իրագործման ուղիները լսարանին մեկնաբանելու գործին, մեկնաբանում, որը, առնուազն, չես անուանի անվիճելի: Իսկ եթէ խօսենք առաւելագոյնս կոնկրետ, ապա ադրբեջանական ձեւով հակամարտութեան հանգուցալուծման վերաբերեալ նրա կողմից հնչեցուած թէզիսները հանդիսանում են կարգաւորման գործընթացի էութեան ամենաակնյայտ խեղաթիւրում:

Սուտն Ադրբեջանի ղեկավարութեան համար վաղուց արդէն դարձել է պարտադիր բնորոշիչ, մանաւանդ արտաքին քաղաքականութեան մէջ, երբ խօսքը ղարաբաղեան հակամարտութեան մասին է: Սկսենք նրանից, որ դիւանագիտական ակադեմիայում իր ելոյթի ժամանակ որպէս կարգաւորման հիմնական խնդիր Մամեդեարովը նշեց հայկական զօրքերի դուրսբերումն Արցախի Հանրապետութեան կողմից վերահսկուող տարածքներից: «Ցանկանում եմ եւս մէկ անգամ նշել, որ գլխաւոր հարցը հայկական զինծառայողների վերադարձն է իրենց զօրանոցներ», առանց աչք թարթելու, անառարկելիօրէն յայտարարել է նա: Ընդ որում, իր խօսքը նախադրեց խորամանկ արտայայտութեամբ, թէ «նրանք, ովքեր զբաղւում են այս հակամարտութեան կարգաւորմամբ, լաւ գիտեն՝ ինչումն է հիմնական խնդիրը»: Բնականաբար, գիտեն, սակայն խնդրի նրանց իմացութիւնն արմատապէս տարբերւում է խաղաղարար գործընթացի առաջնահերթութիւնների մամեդեարովեան մեկնաբանումից: Չէ՞ որ ինչպէս միջազգային միջնորդները, այնպէս էլ վերլուծական շրջանակների ներկայացուցիչները քաջատեղեակ են, որ կարգաւորման հիմնական խնդիրը, ինչպէս դա սահմանուած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան կողմից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակն է: Այժմ չենք խօսի այն մասին, որ Արցախի ժողովուրդն արդէն որոշել է իր անկախ կարգավիճակը, եւ խօսք կարող է լինել միայն դրա միջազգային իրաւաբանական ամրագրման մասին. սա առանձին զրոյցի թեմա է:

Հարցը հիմա այն է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է կարգաւորման տրամաբանութեանն իսկ: Աւելին՝ ողջամտութեանը: Այլ խօսքով, ալիեւեան ռեժիմը, սովորոյթի համաձայն, ամէն ինչ գլխիվայր է շրջում: Իհարկէ, պաշտօնական Բաքուն որքա՛ն կը ցանկանար հասնել հայկական զօրքերի դուրսբերմանն ու, առաւել հաւանական է, դրանով էլ սահմանափակել հակամարտութեան լուծման գործընթացը: Սակայն օրինաչափ հարց է ծագում՝ ինչպէ՞ս կարելի է ընդհանրապէս խօսել հայկական ուժերի դուրսբերման մասին, եթէ հակամարտութեան վերջնական դադարեցման շուրջ համաձայնութիւն չկայ: Մամեդեարովը, սակայն, մոլուցքի մէջ, յաջորդ փուլում արդէն «իրենց հայրենի հողեր» է վերադարձնում ադրբեջանական հարկադիր վերաբնակներին, բնականաբար՝ «մոռանալով» կէս միլիոն հայ փախստականների վերադարձի մասին, ովքեր ամենադաժան ձեւով վտարուել են Ադրբեջանից: Ինչպէս «մոռացաւ» եւ այն մասին, որ հակամարտութեան կարգաւորման համար անհրաժեշտ է, ամէնից առաջ, կատարել միջազգային համաձայնութիւնները, մասնաւորապէս՝ կրակի դադարեցման մասին 1994թ. համաձայնագիրը, որն ադրբեջանական իշխանութիւններն սկսեցին խախտել նրա ստորագրումից գրեթէ անմիջապէս յետոյ: Ու պէտք է ասել՝ նման ընտրողական ամնեզիայով (մոռացու-թեամբ-Խմբ.) պաշտօնական Բաքուն արդէն վաղուց է տառապում:

Կարծում ենք՝ Ադրբեջանի իշխանութիւնները միշտ պէտք է յիշէին այն տարրական ճշմարտութիւնը, որ լիարժէք կարգաւորումը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ կողմերը դադարեցնում են ցանկացած թշնամական գործողութիւններ եւ կատարում իրենց ստանձնած պարտաւորութիւնները: Դիւանագիտութեան այս այբուբենը իւրացնելը պաշտօնական Բաքուին անհրաժեշտ է գոնէ նրա համար, որ վերացնի հակամարտութեան «իր» հետեւանքները, որոնք նա, հակառակ կարգաւորման տրամաբանութեանը, դասում է հիմնական հարցերի շարքը: Մինչդեռ Ադրբեջանի ներկայիս իշխող ռեժիմն ամէն կերպ խուսափում է համաձայնագրեր  կնքելուց, որոնք պայմաններ կը ստեղծէին հակամարտութեան հանգուցալուծման ուղիների որոնման համար: Ըստ ժամանակի՝ վերջին օրինակը վիեննեան եւ սանկտպետերբուրգեան համաձայնագրերի տակ իր ստորագրութիւնը դնելուց Ալիեւի հրաժարումն է, համաձայնագրեր, որոնք նախատեսում էին շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծում ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնում:

Պէտք է ասել՝ այս հարցը, որն Ադրբեջանի չընդատուող զինուած սադրանքների լոյսի ներքոյ առանձնայատուկ հրատապութիւն է ձեռք բերում, Մամեդեարովը Մոսկուայում չշրջանցեց: Բայց դարձեալ ամէն ինչ շրջեց: Յայտարարելով, թէ ադրբեջանական կողմը համաձայն է զօրքերի շփման գծում միջադէպերի հետաքննութեան մոնիտորինգի անցկացմանը, նման «համաձայնութիւնը» նա պայմանաւորեց… դարձեալ հայկական զօրքերի դուրսբերմամբ: «Քանի դեռ հայկական զինուած ստորաբաժանումները գտնւում են այդ հողերում, միջադէպերը կը շարունակուեն», ասել է Մամեդեարովը: Այլ խօսքով՝ փաստօրէն երաշխաւորել Ադրբեջանի կողմից զինուած ակցիաների շարունակումն ու լարուածութեան յետագայ աճը՝ հաստատելու «հայկական զինծառայողների՝ իրենց զօրանոցներ վերադառնալու» անհրաժեշտութեան մասին Բաքուի թէզիսի ճշմարտացիութիւնը:

Իսկ դա ոչ այլ ինչ է, քան շանտաժի քաղաքականութեան հերթական դրսեւորում, որին միջազգային հանրութեանը ենթարկում է ադրբեջանական կողմը: Դա յատկապէս ցինիկօրէն է հնչում այն հանգամանքի հաշվառումով, որ  ասուել էր Մամեդեարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգէյ Լաւրովի խօսքերից անմիջապէս յետոյ: Իսկ Ռուսաստանի նախարարը բառացիօրէն ասել է հետեւեալը. «Ներկայ պայմաններում, նախքան կը կարողանանք  բովանդակալից բանակցութիւններ վերսկսել, շատ կարեւոր է հասնել իրավիճակի լարուածութեան նուազմանը, որը վերջերս սրուել է «գետնին», շփման գծում, եւ հանրային տարածքում»: Կարծում ենք՝ իր խրատական ասոյթներով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չեղարկեց ռուսաստանցի գործընկերոջ բարի մտադրութիւնները:

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ» բաշտօնաթերթի գլխաւոր խմբագիրն է

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles