ՄԱՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ
Մեր՝ հայաստանեան կառավարութիւնը վերջնականապէս մերժեց գիտութեան ֆինանսաւորումն աւելացնելու բոլոր առաջարկները: Ժողովրդական լեզուով ասած՝ «չորով»: Այսպիսով, հայրենական գիտութիւնը դէմ առաւ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարութեանը:
Պատը որ պատ է՝ այսքան բողոքներից, քննադատութուններից, քննարկումներից ու առաջարկներից յետոյ կը հասկանար, որ չի կարելի այլեւս խաղալ երկրի ապագայի հետ, որ պէտք է ինչ որ բան անել: Սակայն՝ ոչ: Ուրեմն, ինչ որ մի բան ինչ որ մի տեղ սխալ է: Վ. Սարոյեանն այս բառերը գրելիս հաւանաբար չի էլ մտածել, որ իր հայրենակիցների կողմից դրանք այսչափ կը սիրուեն, ու որ իր նախնեաց երկրում դրանք ամէն քայլափոխում յիշելու կարիք կը լինի: Թէեւ սիրում ենք մէջբերել մեր հայրենակցի այս միտքը, բայց, անկեղծ ասած, մենք՝ հայերս, առանձնապէս չենք խարխափում անորոշութեան մէջ: Մենք սովորաբար լա՜ւ էլ իմանում ենք, թէ որտեղ եւ ինչն է սխալ: Օրինակ, Հայաստանում գիտութեան հանդէպ մօտեցումը սխալ է: Եւ մենք գիտենք, որ սխալը մեր կառավարութիւնում է:
Ասում են՝ այն երկրում, որտեղ գիտութեանը յատկացուող գումարը չի հասնում ՀՆԱի 1 տոկոսին, այդ երկրի գիտութիւնը դատապարտուած է մահուան: Այն տպաւորութիւնն է, որ, հասկանալով հանդերձ սա, միեւնոյնն է, օբյեկտներում «հաց ուտել» սիրող մեր ղեկավարութիւնը, նոյն ինքը՝ էլիտան՝ նոյն ինքը՝ օլիգարխիան, հանգիստ խղճով «հոգեհացի» է պատրաստւում՝ բաժակաճառն խօսելով գիտութեան կարեւորութիւնից, պոստինդուստրիալ՝ գիտելիքահենք տնտեսութիւնից ու նման սիրունսիրուն բաներից:
Ու մինչ մերոնք խօսում են, ուրիշները գործ են անում: Գործ են անում ու թռիչքաձեւ զարգանում: Առանձնապէս՝ Չինաստանը: Իր մի հարցազրոյցում STRF.ruի թղթակից Դունկան Ինես Քերը, որը հանդիսանում է փորձագէտ՝ Չինաստանի հետ կապուած հարցերում, նշում է. «Չինաստանը գիտութեան զարգացման վերաբերեալ իր առջեւ բաւական ամբիցիոզ (փառասէր-խմբ.) խնդիր է դրել: Այսպէս, 2020 թուականին գիտահետազօտական նպատակներով ծախսերը պլանաւորում են հասցնել ՀՆԱի 2.5 տոկոսի՝ ներկայիս 1.2ի փոխարէն: Արեւմտեան տեխնոլոգիաներից ունեցած կախուածութիւնը քչացնել մինչեւ 30 տոկոս՝ ներկայիս 50ի փոխարէն եւ 60 տոկոսով ուժեղացնել գիտատեխնիկական առաջընթացի ազդեցութիւնը տնտեսական զարգացման վրայ՝ 2006ի 39 տոկոսի փոխարէն: Չինաստանի ղեկավարութիւնն աշխատում է այնպէս անել, որպէսզի արտադրանքի արժէքի առաւել մեծ մասը գնայ «հայտեկ»ի ու գիտական հետազօտութիւնների վրայ: Դա առաւել ակտուալ է արտասահմանեան ներդրումները իրենց երկիր ներգրաւելու համար»:
Ահա թէ ինչն է Չինաստանի թռիչքն ապահովում. գիտութեան մէջ արած մեծ ներդրումները: Չինական գնացքները երեսուն տարի արաջ ընթանում էին 50 կմ/ժ արագութեամբ, հիմա նրանք թռչում են 500 կմ/ժ արագութեամբ: Եւ այդ թռիչքն ու արագութիւնը ամէնուր է՝ տնտեսութեան ու մշակոյթի բոլոր ոլորտներում:
Իսկ մեր վարչապետը Ազգային ժողովում մի քանի «առաւել կարեւոր» հարցերի շուրջ խօսելուց յետոյ միայն մեծ դժկամութեամբ անդրադարձաւ գիտութեանը: Դժկամութեամբ, որովհետեւ ստիպուած եղաւ անդրադառնալ՝ տեղի տալով գիտութեան ֆինանսաւորման հետ կապուած՝ գիտնականների, հասարակութեան ու պատգամաւորների բուռն բողոքներին. «Յաջորդ խնդիրը՝ գիտութեան ֆինանսաւորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատութեան հետ, որը հնչում է, եւ, ցաւօք սրտի, պետութիւնը դեռեւս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսաւորում ուղղել գիտութեանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաեւ այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդեօք այն միջոցները, որ յատկացնում ենք, արդիւնաւէտ են օգտագործւում, տալիս են դրական արդիւնք եւ եթէ այո, ապա աւելացնենք գիտութեանը տրուող ֆինանսաւորումը»: Եւ սա ասում է այն վարչապետը, որն իր բերանով է յայտարարել մեր երկրում գիտութիւնը՝ որպէս գերակայ ոլորտ: Ուրեմն՝ որպէսզի մի քանի գրոշ «պոկեն» ու տան գերակայ ոլորտին, գիտնականները, գործ ու գիտութիւն թողած, դեռ պէտք է արդիւնաւէտութիւն ապացուցեն, երբ դա արդէն հարիւր անգամ արել են միջազգային զեկոյցները՝ ԻՒՆԵՍԿՕի, Եւրոմիութեան, ԱՊՀ երկրների ու այսպէս շարունակ: Կատարեալ ծաղր:
Վերադառնանք Չինական մեծ պատին: Յիշենք, որ մեր երկրում գիտութեան նուիրեալները բիւջետային աշխատողների մէջ ամենացածր վարձատրուողն են, իսկ Չինաստանինը՝ ամենաբարձրերից մէկն աշխարհում: Չինաստանում միջին աշխատավարձը կազմում է 620 դոլար, իսկ պրոֆեսորինը՝ մինչեւ 6, 000 դոլար: Եթէ այդ մօտեցումով առաջնորդուէին մեզ մօտ՝ ելնելով 120,000 միջին աշխատավարձից, մեր գիտութեան դոկտորը պիտի ստանար 1,200,000 դրամ ամսական: Պատկերացնո՞ւմ էք: Բայց միայն ա՛յդ ժամանակ կարող էին գիտութիւն զարգացնել, ահա այդ ժամանակ կ՛ապահովուէր «թռիչք», այլ ոչ թէ այստեղիցայնտեղից պոկած ողորմութիւններն ի մի բերելով:
Գիտութիւնը պարտքի տակ չի մնում. նա միշտ վերադարձնում է իր վրայ ծախսածի տասնապատիկը կամ հարիւրապատիկը: Գիտութեան մէջ ներդրումներ անողները յիրաւի հեռատես մարդիկ են, իսկ իրապէս գիտելիքահենք պետութիւնը՝ թռիչքային զարգացում ունեցող պետութիւն:
Չինական կառավարութեանը չենք կարող համեմատել հայկականի հետ. նրանք ամենեւին չունեն նմանութիւն, իսկ, օրինակ, Չինական մեծ պարիսպը կարող ենք… աւա՛ղ: