ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Արցախը ճանաչող առնուազն մէկ երկիր կայ, բայց կը ճանաչի՞…
Այս տարուայ ընթացքում Արցախի անկախութիւնն առնուազն մէկ պետութեան կողմից ճանաչուելու հնարաւորութեան մասին՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի ակնարկը լայն հասարակական արձագանգ է ստացել: Սակայն իրականում Նալբանդեանը չի ասել մի այնպիսի արտառոց բան, որ Արցախի միջազգային ճանաչման առումով ինչ-որ գործընթացի մասին յուշելու ենթատեքստ պարունակի:
Նախ՝ դա ոչ թէ Նալբանդեանի կողմից արուած յայտարարութիւն է, ինչպէս ներկայացւում է մամուլում, այլ ընդամէնը լրագրողի կողմից այդ մասին հնչած հարցի միանգամայն տրամաբանական պատասխան: Լրագրողը հարցնում է՝ հնարաւո՞ր է այս տարուայ ընթացքում որեւէ պետութիւն ճանաչի Արցախը, իսկ Նալբանդեանը պատասխանում է՝ հնարաւոր է, բայց դա դեռ միջազգային ճանաչում չի ենթադրում: Ուրիշ ի՞նչ կերպ պէտք է այդ հարցին պատասխանէր արտգործնախարարը: Ասէր՝ ոչ, նման բան բացառւո՞ւմ է: Միակ տարբերակը, որ կարելի է բացառել այս պարագայում, նման հարցին այսպիսի պատասխան տալն է: Որովհետեւ դա կը նշանակէր, որ այդ հարցը Հայաստանի օրակարգում չէ, կամ կ՛ընկալուէր որպէս խոստովանութիւն, որ հայկական դիւանագիտութիւնը ոչ մի արդիւնք չի ունեցել եւ բաւարարուել է՝ ընդամէնը միջազգային իրաւունքի սուբյեկտ չհանդիսացող՝ ԱՄՆ մի քանի եւ Աւստրալիայի մէկ նահանգի կողմից ճանաչուելուն հասնելով: Ոչ ոք ուղղակի չէր կարող իրեն թոյլ տալ նման բան ասել:
Երկրորդ՝ այնուամենայնիւ, կայ աշխարհում առնուազն մէկ պետութիւն, որն աներկբայ կարող է այս տարուայ ընթացքում ինչ-որ պահի ճանաչել Արցախի անկախութիւնը: Այդ երկիրը Հայաստանի Հանրապետութիւնն է եւ անկասկած այդ քայլին կը գնայ, եթէ Ադրբեջանը, լայնածաւալ պատերազմի դիմելով, փորձի հարցը լուծել ուժային եղանակով: Այդ մասին յայտարարուել է բազմիցս, իսկ բաց, ուղղակի ձեւով դրա մասին անցած տարուայ ապրիլեան պատերազմի օրերին Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց նախագահ Սերժ Սարգսեանը: «Եթէ, իրօք, ռազմական գործողութիւնները շարունակուեն եւ ստանան լայնածաւալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը», դեսպաններին ուղղուած իր խօսքում Ապրիլի 4ի հաւաքում ասել էր ՀՀ նախագահը:
Իսկ այն իրավիճակը, որը ներկայումս առկայ է արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, յարուցում է մտահոգութիւն, որ Ադրբեջանը, որի ղեկավարութիւնը կորցրել է ադեկուատութիւնը եւ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանն ուղղուած բանակցութիւններում յայտնուել խոր փակուղում, կարող է ինչ-որ պահից անցնել լայնածաւալ ռազմական գործողութիւնների: Իրավիճակի շիկացածութիւնն այնպիսին է, որ նման գործողութիւնները կարող են նոյնիսկ սկսուել՝ անկախ Ադրբեջանի ցանկութիւնից՝ իրավիճակի նկատմամբ վերահսկողութիւնը կորցնելու հանգամանքով պայմանաւորուած:
Այս տեսանկիւնից՝ չի կարելի բացառել, որ ոչ այնքան Նալբանդեանի պատասխանը, որքան ինքնին նման հարցի հնչեցումը, դրան տրուած չափուած-ձեւուած պատասխանով հանդերձ, հետապնդում էր առաջին հերթին Ադրբեջանին նման անպատասխանատու քայլից ետ պահելու, զսպելու նպատակ: Պատահական չէ, որ նոյն օրը ռուսական Gazeta.ru կայքին տուած հարցազրոյցում ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի՝ աւելի վաղ օրինակով, յիշեցնում է հայկական ԶՈՒ արսենալում «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային կայանքի առկայութեան եւ հնարաւոր գործածութեան մասին՝ որպէս Ադրբեջանին սթափեցնելու միջոց: Այսինքն՝ ԱՀն մէկ պետութեան, ենթադրաբար՝ Հայաստանի կողմից ճանաչուելու հնարաւորութեան մասին Ստեփանակերտից՝ Նալբանդեանի մասնակցութեամբ արուած ակնարկը կարող է այս փուլում Բաքուին զսպաշապիկ հագցնելու ընդհանուր քարոզչական «արշաւի» մաս լինել:
Որպէսզի հնարաւոր լինի խօսել Արցախի միջազգայնօրէն ճանաչման մասին, անկախ նրանից՝ խօսքը, Հայաստանից բացի, մէկ, թէ մի քանի այլ պետութեան կողմից ճանաչման մասին է, կարեւոր է երկու առանցքային պայման: Առաջին՝ որ դրա հնարաւորութեան մասին ակնարկները հնչեն ոչ թէ Երեւանից կամ Ստեփանակերտից, այլ ՄԱԿի անդամ երկրների մայրաքաղաքներից: Իսկ դա այնքան էլ իրատեսական չի թւում, քանի որ, նախ, դեռ Հայաստանը նման օրակարգի ձեւաւորման յստակ նախաձեռնութեամբ հանդէս չի եկել եւ ինքը չի ճանաչել, երկրորդ՝ քանի դեռ կայ ԼՂ հարցի կարգաւորման հարցով զբաղուելու միակ լեգիտիմ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պրոցեսն առայժմ տանում է, այսպէս կոչուած, մադրիդեան սկզբունքների տրամաբանութեամբ: Եւ այդ երկրները, ճանաչմանն առնչուող հարցադրմանն ի պատասխան, միշտ կարող են մատնացոյց անեն ՄԽ եռանախագահութեան ձեւաչափը: Իսկ այն մադրիդեան սկզբունքների հիման վրայ ոչ թէ Արցախի անկախութեան ճանաչման, այլ նրա միջազգայնօրէն ընդունելի միջանկեալ կարգավիճակ շնորհելու պրոցես է զարգացնում:
Երկրորդ՝ առաջին հերթին կարեւոր է, որպէսզի դրա հնարաւորութեան մասին սկսեն խօսել ՄԽ եռանախագահող երկրները՝ այն առումով, որ, գոնէ Արցախի անկախութեան ճանաչման իրատեսական հեռանկարի հետ Ադրբեջանին առերեսելով, կարողանան նրան ստիպել հրաժարուել պատերազմի մտքից ու վերադառնալ կառուցողական բանակցութիւնների հարթակ: Եւ հէնց այս ուղղութեամբ է, որ պէտք է աշխատի Երեւանը: ՄԽ եռանախագահողները, սակայն, նախընտրում են մնալ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահութեան մանդատով ելակետային համարուող՝ կողմերի միջեւ հաւասարութիւն դնելու սկզբունքին «հաւատարիմ»: Սկզբունք, որը վերածուել է գլխացաւանքի, եւ որը համանախագահներին հնարաւորութիւն է տալիս խուսափելու 1994թ-95թթ. հրադադարի պայմանագրերը խախտելու եւ նախայարձակ գործողութիւնների դիմելու փաստը հասցէական արձանագրելուց: