Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ճշմարտութիւն Եւ Սուտ

$
0
0

1230askerov

«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

 

Ինչպէս յայտնի է, 2014թ. Հոկտեմբերից Ստեփանակերտում ընթանում էր դատավարութիւն ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի գործով, որն աւարտուեց նոյն տարուայ Դեկտեմբերի 27ին դատավճռի կայացմամբ:

ԼՂՀ ընդհանուր իրաւասութեան առաջին ատեանի դատարանի որոշմամբ՝ Դ. Ասկերովը դատապարտուել է ցմահ, իսկ Շ. Գուլիեւը՝ 22 տարի ազատազրկման:

Յիշեցնենք, որ 2014թ. Յուլիսին Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների առաջադրանքով երեք հոգուց բաղկացած խումբը ներթափանցել է ԼՂՀ տարածք՝ դիվերսիոն-հետախուզական եւ լրտեսական գործողութիւններ իրականացնելու նպատակով: Ասկերովն ու Գուլիեւը ձերբակալուել են ղարաբաղեան յատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ դիվերսիոն խմբի 3րդ անդամը՝ Հ. Հասանովը, ձերբակալման պահին դիմադրութիւն է ցոյց տուել ու ոչնչացուել: Դիվերսանտները գործել են մի շարք ծանրագոյն յանցանքներ՝ սպաննելով ԼՂՀ երկու քաղաքացիների, այդ թւում՝ 17ամեայ պատանու, եւ վիրաւորելով մի քանիսին: Համոզիչ փաստերի ու վկայութիւնների, ինչպէս նաեւ հէնց մեղադրեալների խոստովանական ցուցմունքների հիման վրայ խմբի անդամների մեղքն իրենց մեղսագրուած քրէական յանցագործութիւնների կատարման մէջ լիովին ապացուցուել էր:

Թւում էր՝ դատավճիռը կայացուած է, յանցագործներն ստացան արժանի պատիժ, եւ այս քրէական պատմութեանը կարելի էր վերջակէտ դնել: ԼՂՀ իշխանութիւնները, ըստ էութեան, հէնց դա էլ արեցին, բայց՝ ոչ Բաքուի ռեժիմը: Փաստօրէն դիվերսանտների ձերբակալումից անմիջապէս յետոյ Ադրբեջանն իրեն յատուկ ճղճղան պահելաձեւով նախաձեռնեց քարոզչա-ապատեղեկատուական արշաւ, որի գլխաւոր նպատակն էր արդարացնել մարդասպաններին, միջազգային հանրութեան առաջ նրանց ներկայացնել որպէս անմեղ պատանդներ եւ հասնել այն նրանց տարհանձնմանը հայրենիք: Այդ կեղտոտ շօուին մասնակցեցին Ադրբեջանի նախագահն ինքը ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաներ, խորհրդարանի ու կառավարութեան անդամներ, հասարակական կառոյցների ներկայացուցիչներ, ովքեր տեղեկատուական դաշտը հեղեղեցին մինչեւ ուղնուծուծը կեղծիքով ներծծուած յայտարարութիւններով: Աւելին, պաշտօնական Բաքուն փորձեց հարցին միջազգային երանգ հաղորդել եւ այն ներկայացնել ԵԽԽՎ քննարկմանը, Ադրբեջանի նախագահն անգամ ղարաբաղեան կարգաւորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է պահանջել՝ հասնել Ասկերովի ու Գուլիեւի շուտափոյթ ազատ արձակմանը:

Դատարանի կողմից վճիռը հրապարակելուց յետոյ անցել է արդէն ուղիղ երկու տարի, սակայն Ադրբեջանում մինչ օրս այդպէս էլ չեն հանգստանում: Չխորշելով ոչնչից՝ պաշտօնական Բաքուն դեռեւս շարունակում է միջազգային կառոյցներին մոլորութեան մէջ գցելու իր փորձերը: Նա նախկինի պէս ջանում է դիվերսանտ-մարդասպաններին ներկայացնել խաղաղ պատանդների կերպարում՝ տարբեր ամբիոններից յայտարարելով այն մասին, որ նրանց առաջադրուած մեղադրանքներն անհիմն են: Եւ դա անհերքելի ապացուցողական բազայի առկայութեան դէպքում, որը հաստատում է նրանց անվերապահ մեղաւորութիւնը: Կարեւոր է նաեւ նշել, որ դատավարութիւնն առաւելագոյնս բաց ու թափանցիկ էր, ընթանում էր դատաիրաւական նորմերի պահպանմամբ ու մեղադրեալների իսկ իրաւական պաշտպանութեան ապահովմամբ, որոնցից իւրաքանչիւրին տրամադրուել էր փաստաբան: Դրանում կարող էին համոզուել, մասնաւորապէս, ԼՂՀում հաւատարմագրուած միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները, ներառեալ՝ ԵԱՀԿն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտէն, արտասահմանեան լրագրողներ: Հակառակ դրան, ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա Ադրբեջանի ապատեղեկատուական գլխաւոր կանխադրոյթներից մէկը մնում է այն պնդումը, թէ Ասկերովն ու Գուլիեւը, իբր, ենթարկւում են անմարդկային ֆիզիկական ու բարոյական կտտանքների: Ի դէպ, թէ՛ Ասկերովը, թէ՛ Գուլիեւը դատարանում խոստովանել էին, որ չեն սպասել իրենց հանդէպ նման մարդկային վերաբերմունքի ԼՂՀ իշխանութիւնների կողմից:

Այդպիսին է իրականութիւնը: Բայց բանը հէնց նրանում է, որ նման իրականութիւն Բաքուի ռեժիմին պէտք չէ: Արդէն գոնէ նրա համար, որ այն եւս մէկ անգամ հաստատում է ԼՂՀի հաւատարմութիւնը միջազգային հումանիտար իրաւունքին ու քաղաքակիրթ հանրութեան սկզբունքներին, նրա բարոյական ակնյայտ առաւելութիւնն Ադրբեջանի նկ-ատմամբ, որտեղ մարդուն ա-ռանց դատի ու հետաքննութեան դատապարտում են մահուան ու կեանքից զրկում լոկ նրա համար, որ հայ է ծնուել: Ապրիլեան վերջին պատերազմը, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները կատարել են մի շարք ծանր ռազմական յանցագործութիւններ քաղաքացիական բնակչութեան ու գերուած հայ զինծառայողների հանդէպ, դրա համոզիչ ապացոյցն է: Այդուհանդերձ, Ադրբեջանում ոչ մի կերպ մտադիր չեն վերջ տալու իրենց ձախողուած դիվերսանտների հետ կապուած կեղտոտ հերոսապատմանը:

Օրերս ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը դարձեալ փորձ արեց վերակենդանացնելու Ասկերովի ու Գուլիեւի ազատման հարցը: Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցչութեան ղեկավար Ելենա Այմորէ Սեսերայի հետ հարցազրոյցում գործակալութիւնը հետաքրքրուեց նրանց վերադարձմանն ուղղուած ԿԽՄԿ միջոցներով, դատապարտեալների առողջական վիճակով: Ինչ վերաբերում է առաջին հարցին, պատասխանը միանշանակ էր. «ԿԽՄԿն ձերբակալուած անձանց ազատման եւ վերադարձման հարցում որեւէ դերակատարում չունի: Նման որոշումները կայացւում են քաղաքական մակարդակով»: Սակայն վերը նշուած երկու դատապարտեալների կտ-տանքների մասին ադրբեջանական կողմի մշտական պնդումների համապատկերին շատ աւելի կարեւոր է երկրորդ հարցի պատասխանը. «Կարող եմ հաւաստիացնել, որ ԿԽՄԿն լուրջ ուշադրութիւն է դարձնում կալանքի տակ գտնուող անձանց բժշկական ծառայութիւնների մատուցմանը: ԿԽՄԿ բժիշկը կանոնաւոր կերպով այցելում է Լեռնային Ղարաբաղում կալանաւորուած ադրբեջանցիներին»: Թերեւս Ասկերովի ու Գուլիեւի կտտանքների վերաբերեալ կեղծիք տարածող ադրբեջանական կողմի զր-պարտութիւններին աւելի համոզիչ պատասխան չի էլ կարող լինել: Քանի որ կարելի է համոզուած լինել, որ հակառակ դէպքում ԼՂՀ իշխանութիւնները կ՛արժանանային հումանիտար իրաւունքները պաշտպանող միջազգային կառոյցների կոշտ քննադատութեանը: Ու թէեւ հերթական անգամ պսակազերծուեց Ադրբեջանի քարոզչական կեղծագիրը, կասկած չկայ, որ Բաքուն միեւնոյնն է, կանգ չի առնի, քանի որ սուտը նրա պետական քաղաքականութեան անկիւնաքարն է:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles