Image may be NSFW.
Clik here to view.
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Այս շաբաթ ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը պաշտօնական այցեր կատարեց Յունաստան եւ Վրաստան, որոնք մնացին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի ստուերում: Մինչդեռ դրանք ուշագրաւ էին՝ պարունակած ենթատեքստային ուղերձների եւ շեշտադրումների տեսանկիւնից:
Նախ՝ հարկ է նկատել, որ թէ՛ Աթէնքում եւ թէ Թբիլիսիում Սարգսեանին ընդունեցին պաշտօնական այցի արարողակարգի ամենաբարձր մակարդակով: Դա առաջին հերթին խօսում է Յունաստանի եւ Վրաստանի իշխանութիւնների կողմից Հայաստանի նկատմամբ ներկայիս յարգալից, գործընկերային վերաբերմունքի եւ ռազմաքաղաքական պլանում Երեւանի հետ փոխգործակցութիւնը խորացնելու, Վրաստանի պարագայում՝ առնուազն միմեանց հասկանալու ձգտման մասին:
Յունաստանում նախարար Սարգսեանին ընդունել է պաշտպանութեան նախարար Պանայոտիս Կամենոսը՝ բանակցութիւններ ունենալով ինչպէս պատուիրակութիւնների ընդլայնուած կազմերով, այնպէս էլ առանձնազրոյցի ձեւաչափով: Բայց Սարգսեանի հետ հանդիպել է նաեւ Յունաստանի նախագահ Պրոկոպիս Պաւլոպուլոսը: Դա, ի հարկէ, զուտ արարողակարգային հանդիպում է եղել. Յունաստանը խորհրդարանական երկիր է: Սակայն դրանով յունական կողմն ամէն դէպքում ընդգծել է իր կողմից Հայաստանին յատկացուող տարածաշրջանային մեծ նշանակութիւնը:
Վրաստանում Սարգսեանը հանդիպում է ունեցել պաշտպանութեան նախարար Լեւան Իզորիայի հետ, ստորագրուել է երկու գերատեսչութիւնների միջեւ համագործակցութեան՝ 2017թ. ծրագիրը: Սակայն, դրանից բացի, ՀՀ պաշտպանութեան նախարարին ընդունել են խորհրդարանի պաշտպանութեան ու անվտանգութեան յանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ æանելիձէն եւ, որ շատ աւելի էական է, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Պաշտպանութեան նախարարի նմանատիպ այցերի պարագայում չի կարելի խօսել հրապարակային որոշակի արդիւնքների, ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին, որպէս կանոն՝ դրանց մասին կողմերն աշխատում են որքան հնարաւոր է քիչ խօսել, եթէ, ի հարկէ, այցերն արարողակարգային չեն: Իսկ Վիգէն Սարգսեանի այս երկու այցերը ոչ մի դէպքում հնարաւոր չէ արարողակարգային համարել:
Նախեւառաջ՝ դրանք ցոյց են տալիս, թէ ռազմաքաղաքական ի՛նչ հետաքրքրութիւններ ունի Հայաստանը, եւ այդ հետաքրքրութիւնները յընթացս ի՛նչ տրանսֆորմացիաների (ձեւափոխութիւններու-Խմբ.) են ենթարկւում: Պաշտպանութեան նախարարի պաշտօնը զբաղեցնելուց յետոյ Վիգէն Սարգսեանը Ռուսաստանից յետոյ, փաստօրէն, երկրորդ եւ երրորդ արտերկրեայ այցերը կատարեց Յունաստան եւ Վրաստան: Այս հերթականութիւնը ցոյց է տալիս Հայաստանի արտաքին ռազմական-քաղաքական առաջնահերթութիւնները: Առաջին էական հանգամանքը, որ ի յայտ է բերում այցերի այս յաջորդականութիւնը, այն է, որ Ռուսաստանից յետոյ Հայաստանի համար ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) հիմնական ուղղութիւնը, առանձին վերցրած, Յունաստանի եւ, նրանով միջնորդաւորուած, ՆԱՏՕի հետ համագործակցութեան խորացումն է: Յունաստանը հանդէս է գալիս Հայաստանի ոչ ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) բնական դաշնակցի դերում, լրջագոյն աջակցութիւն է ցուցաբերում հայկական բանակին սպայակազմի պատրաստման եւ վերաորակաւորման ոլորտում: Այն միաժամանակ ՆԱՏՕի հետ քօղարկուած յարաբերութիւնների միջնորդ է, որի միջոցով Հայաստանը հասու է դառնում Հիւսիսատլանտեան դաշինքի փորձին, ստանում համապատասխան ինֆորմացիա (տեղեկութիւն-Խմբ.)՝ բանակի արդիականացման ուղութիւնների, մեթոդաբանութեան, տեխնոլոգիական զարգացման համատեքստում: Այս միջանցքը թոյլ է տալիս Ռուսաստանից ռազմական եւ ռազմատեխնիկական կախուածութեան պայմաններում չկորցնել թելերը ՆԱՏՕի հետ, ինչ որ չափով բալանսաւորել (հաւասարակշռել-Խմբ.) այդ երկու՝ ըստ էութեան հակամարտող կողմերի միջեւ իր դիրքն ու շահերը եւ ՆԱՏՕին աւելի հասկանալի դարձնել իր՝ իսկապէս առանձնայատուկ կարգավիճակն ու որոշումների շարժառիթները:
Վրաստանի պարագայում, ի հարկէ, հնարաւոր չէ անտեսել ՆԱՏՕին լիարժէք ինտեգրուելու (հա-մարկուելու-Խմբ.)՝ այդ երկրի անշեղ քաղաքականութիւնը, որը երկու հարեւան երկրներին դնում է հակադիր աշխարհաքաղաքական վեկտորների (միջաշառաւիղներու-Խմբ.) վրայ: Ըստ այդմ՝ Վրաստանի պարագայում հիմնական խնդիրը բաժանարարների այդ առանցքի վրայ տարածաշրջանային անվտանգութեան եւ կայունութեան ապահովումն է:
Վրաստանը մտահոգուած է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման պրոցեսով եւ համատեղ ՀՕՊ համակարգի ու միացեալ զօրախմբի ստեղծմամբ, ՌԴ ԶՈՒին Հայաստանի զինուած ուժերի՝ գնալով աւելի խորացող ինտեգրմամբ: Թբիլիսիում մտավախութիւն կայ, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ կամ տրամադրել Ռուսաստանին Վրաստանի նկատմամբ հնարաւոր ռազմական ինտերվենցիայի (միջամտութեան-Խմբ.) համար: Թբիլիսին կը ցանկանար Երեւանից յստակ երաշխիքներ ստանալ, որ նման բան տեղի չի ունենայ:
Իր հերթին Հայաստանին մտահոգում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Վրաստանի ռազմաքաղաքական յարաբերութիւնների աւելի ու աւելի խորացումը, այդ երկու երկրների զինուած ուժերի հետ համատեղ երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ նախագծերի իրականացումը: Վրաստանը հիմա լուրջ պլատֆորմ (հարթակ-Խմբ.) է ապահովում երեք երկրների համատեղ զօրավարժութիւնների անցկացման, ինչպէս նաեւ Ադրբեջանի պարագայում համատեղ ռազմաարդիւնաբերական համակարգերի զարգացման համար: Եւ Երեւանն աւելի քան շահագրգռուած է, որ Վրաստանը չդառնայ թուրք-ադրբեջանական տանդեմի (լծակցութեան-Խմբ.) գերին, ո-րոնք, շահագործելով Ռուսաստանից նրա երկիւղները, փորձում են Վրաստանը ներգրաւել նաեւ Հայաստանի դէմ լուրջ ռազմաքաղաքական եռանկիւնում:
Առանց այս խնդիրների շուրջ բաց եւ անկեղծ խօսելու, առանց տարածաշրջանային անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ փոխադարձ երաշխիքների դաշտը ձեւաւորելու, հնարաւոր չի լինելու խօսել տեւական կայունութեան մասին. Երեւանն ու Թբիլիսին շատ արագ կարող են ներգրաւուել անցանկալի կոնֆրոնտացիայի (ճա-կատումի-Խմբ.) մէջ, ինչը ոչ մէկին է ձեռնտու, ոչ էլ՝ միւսին: Եւ ողջունելի է, որ Վրաստանի իշխանութիւնները տալիս են այս իրողութիւնները խորապէս ըմբռնելու ազդակներ:
Վիգէն Սարգսեանի այս այցերը պարունակում էին եւս մէկ կարեւոր թաքնուած ուղերձ: Դրանք ցոյց տուեցին, որ Հայաստանի համար ՀԱՊԿը, որպէս այդպիսին, գոյութիւն չունի՝ որպէս անվտանգութեան համակարգի բաղադրիչ: Հայաստանը շեշտը դնում է Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափի եւ, դրան զուգահեռ, իր հիմնական արեւմտեան գործընկերների հետ սերտ գործակցութեան վրայ: Սա կարեւոր ամրագրում է մօտ մէկ ամիս առաջ Բաքւում ԼՂ հարցի շրջանակներում ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահի կողմից արուած ընդգծուած հակահայկական «ռեվերանսներ»ի («խոնարհումներ»ու-Խմբ.), նաեւ ընդամէնը օրեր անց՝ Դեկտեմբերի 26ին, Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի ֆոնին: